
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազա է ժամանել մոտ 3000 զինվոր

Кавказ Online-ի փոխանցմամբ՝ Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայում իրականացվում են աշնանային զորակոչի նորակոչիկների կլիմայավարժեցման միջոցառումներին: Այս մասին հայտարարել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ մոտ 3000 երիտասարդ զինվոր է Ռուսաստանից ժամանել Հայաստան: Զինվորական բժիշկներն իրականացնում են անձնակազմի խոր զննում՝ կանխելու համար զինվորների կողմից սեզոնային հիվանդություններով վարակվելը: Երևանի և Գյումրու կայազորներում իրականացվում են պատվաստումներ:
Նշվում է, որ ցայժմ 102-րդ ռազմաբազայի զինվորականների քանակը տատանվել է 3000-5000-ի միջև: Մի քանի ամիս առաջ բազայի հրամանատարությունը հայտնել էր անձնակազմի մեծացման մասին, և այդ նպատակով զինվորական ավաններից դուրս էին բերվել զինվորականների բնակարաններում ապրող հայերը:
Այդպիսով, ներկայումս անձնակազմի թվաքանակն արդեն իսկ գերազանցել է նախկին թվերը: Վերջին ամիսներին Ռուսաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը ձեռնարկել է նաև մի շարք այլ քայլեր՝ 102-րդ բազայի ուժեղացման նպատակով՝ ներառյալ նոր զինատեսակների փոխադրումը:
Այդ գործընթացի տրամաբանական շարունակությունը հանդիսացավ 102-րդ բազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկու հայտարարությունը, որ բազան Հայաստանի կողմից կմասնակցի ռազմական գործողություններին, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի ԼՂՀ-ի դեմ: