Բաժիններ՝

Պատերազմ Արաքսի ափերին

Տարածված կարծիք կա, որ Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին Հայաստանը թեև տասնյակ հազարավոր զոհեր տվեց և իր ուսերին կրեց այդ արհավիրքի ողջ ծանրությունն ու ողբերգությունը, սակայն ռազմական ակտիվ գործողությունների թատերաբեմ չդարձավ: Ցավոք, սա ընդամենը ենթադրություն է:

Պատմական վավերագրերն ու ականատեսների վկայությունները թույլ են տալիս պնդելու, որ մեր հանրապետությունը ևս ռազմաճակատային գոտի էր` այս բառի բուն իմաստով և իրադրության բոլոր դրսևորումներով: Ասվածը հիմնավորելու համար բավարար է շարադրել սոսկ մի քանի դրվագներ պատերազմի առաջին ամիսներից:
Ինչպես պատմում է ծառայությունը Հայաստանում անցկացրած ռուս հրետանավոր Գրիգորի Կարպովը, պատերազմի մասին առաջին տեղեկությունները ստացել էին զինվորականները:

Նույն օրն իսկ սահմանապահ գնդերը դիրքեր գրավեցին Արաքսի առափնյա հատվածներում: Գործողությունն իրականացվում էր գիշերով: Հրետանային դիվիզոններից մեկը` չկողմնորոշվելով տեղանքում, սխալմամբ անցել էր սահմանը և դիրքավորվել Թուրքիայի տարածքում: Առավոտյան թուրքերը բացահայտեցին դա, սակայն բանն առճակատման չհասավ: Կողմերը դեռևս ձեռնպահ էին մնում ակտիվ գործողություններից: Ավելի ուշ դիվիզիոնի հրամանատարին ռազմադաշտային դատարանը դատապարտեց մահվան: Նրան գնդակահարեցին ողջ անձնակազմի աչքի առաջ:

Araqs (8)

Կարդացեք նաև

Սակայն բոլորի համար էլ հստակ էր, որ օգտվելով Խորհրդային Միության համար անբարենպաստ իրավիճակից, Թուրքիան ծրագրում էր զավթել Անդրկովկասը: Հապշտապ կարգով թուրքերը սահմանի երկայնքով ռազմական պատրաստություններ էին տեսնում` կառուցվում էին օդանավակայաններ, ճանապարհներ, կապուղիներ, ինժեներական ամրություններ:

Արաքս գետի ափերին կենտրոնացվեցին 18 դիվիզիաներ: Թուրքական ինքնաթիռները սկսեցին պարբերաբար հետախուզական թռիչքներ կատարել Հայաստանի տարածքում: Երևանում ստիպված էին սահմանել պարետային ժամ, լուսաքողարկում, բարձր պատրաստության վիճակի բերվեցին հակաօդային պաշտպանության ուժերը: Քաղաքում սահմանվեց սննդի բաշխման քարտային համակարգ:

Araqs (5)

Իսկ երբ Հայաստան հասան Ուկրաինայից էվակուացվածների առաջին մեծ խմբերը, կյանքն ավելի դժվարացավ:

Ողջ ամռան ընթացքում հայ-թուրքական սահմանին արձանագրվեցին մի քանի ռազմական բախումներ: Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է նաև, որ թուրքական կողմը 8 անգամ հրակոծության է ենթարկել հայկական սահմանապահ ուղեկալները: Մեկ տարվա ընթացքում սահմանի այդ հատվածում հաջողվեց որսալ 47 թուրք գործակալների:

Արտաքին սպառնալիքից բացի, ակտիվացել էր նաև ներքին թշնամին: Տիրում էր համընդհանուր լարվածություն: Շշուկներ էին տարածվում, թե թուրքերի հետ պատերազմն անխուսափելի է: Այդ մշտական տագնապն ու անորոշությունն ավելի էր ճնշում մարդկանց, խուճապային տրամադրությունների պատճառ դառնում: Նույն օրերին հատուկ ծառայությունները հանրապետության տարբեր շրջաններում բացահայտեցին դասալքության աղմկահարույց դեպքեր: Մեղավորների հետ դաժան հաշվեհարդար տեսան:

Araqs (4)

1941 թ. նոյեմբերին Ախտայի (Հրազդան) շրջանում բացահայտվեց մուսաֆաթական ընդհատակյա մի կազմակերպություն, որի պարագլուխն էր Ազիզ Բադալօղլին: Խմբի թուրք անդամները լուրեր էին տարածում, թե եկել է խորհրդային իշխանության վախճանը, և ամեն կերպ փորձում էին ձախողել Ախտայում իրականացվող պաշտպանական միջոցառումները: Կազմակերպության 13 ակտիվիստների դատապարտեցին պատերազմական ժամանակների օրենքներով:

Նույն տարվա դեկտեմբերին Ալավերդու և Ստեփանավանի շրջաններում ձերբակալվեցին 16 դասալիքներ, որոնք գործում էին Ավագ Գիկոլյանի գլխավորությամբ: Վերջիններս 138-րդ հրաձգային դիվիզիայի զինվորներ էին: Իմանալով, որ իրենց ուղարկելու են ճակատ, նրանք էշելոնից փախուստի էին դիմել` իրենց հետ վերցնելով զենք և զինամթերք: Օրեր շարունակ խումբն ավազակային հարձակումներ էր կատարում Լոռու գյուղերի և կոլտնտեսությունների վրա: Իսկ ընդհանուր առմամբ, 1941-ին Հայաստանում բացահայտվեցին ու վնասազերծվեցին ևս 3 ավազակային խմբեր` իրենց 37 անդամներով:

Araqs (1)

Ոչ պակաս բարդ էր իրավիճակը նաև հայ-իրանական սահմանին: Խորհրդային հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեին, որ Գերմանիան պատրաստվում էր այդ երկրում հեղաշրջում իրականացնել և այն օգտագործել հարավից հարվածելու համար: Հասկանալով, թե նման շրջադարձն ինչպիսի աղետալի հետևանքներով էր հղի, արդեն 1941-ի օգոստոսին ձևավորվեց Անդրկովկասյան ճակատը: Մինչ այդ իրականացվել էր տեղի բնակչության մոբիլիզացիա, այնպես որ, շարք մտած զինվորական ստորաբաժանումները կազմված էին գերազանցապես հայերից: Քիչ չէին նաև քրդերն ու ադրբեջանցիները: Նորակոչիկներն արագացված կարգով մարտական պատրաստություն էին անցնում և ուղարկվում զորամասեր:

Օգոստոսի 25-ին, լուսաբացից առաջ` ժամը 3։30-ին, ԽՍՀՄ արտգործնախարար Մոլոտովն իր մոտ հրավիրեց Իրանի դեսպանին և նրան հանձնեց կառավարության նոտան` միաժամանակ տեղեկացնելով, որ Կարմիր բանակը մուտք է գործում Իրանի տարածք: Մինչ դիվանագետները փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում ու բացատրություններ պահանջում, ռազմական օպերացիան արդեն սկսվել էր: Ժամը 2-ին 65 զինված խմբեր անցել էին Արաքսը: Ընդամենը 2 ժամվա ընթացքում ոչնչացվեցին իրանական 121 սահմանային կետեր: Այդ ընթացքում իրանական 5 ինքնաթիռներ ռումբեր նետեցին Մեղրիի կամրջի շուրջը, սակայն կամուրջը վնասել չհաջողվեց:

>9FK-

Այստեղ հարկ է պատմել գործողություններից մի դրվագ, որը լիովին բնորոշում է այն օրերին իշխող մարտական ոգին և նպատակին հասնելու ծայրահեղ միջոցները: Խոսքը Մեղրիի զորամասի 12 մարտիկների հերոսական արարքի մասին է:
Իրան ներխուժելու օպերացիան իրականացվում էր մթության քողի տակ, խիստ գաղտնիության պայմաններում: Հրամանատարության մշակած պլանի համաձայն, միայն այդպես էր հնարավոր հանկարծակիի բերել իրանական ուժերին և առանց մեծ կորուստների հաջողության հասնել:

Այդ իսկ պատճառով հրահանգվել էր պահպանել մեռելային լռություն, որևէ կերպ չմատնել զորքերի առաջխաղացումը: Մեղրիի սահմանային գումարտակի մարտիկներին առաջադրանք էր տրվել` նավակներով հատել Արաքսը և ափ իջնելուն պես վնասազերծել հակառակորդին: Եվ ահա այն պահին, երբ նավակներն արդեն լողում էին դեպի իրանական ափ, դրանցից մեկն ընկավ ուժգին ջրապտույտի մեջ ու շրջվեց: 12 զինվորներ խեղդվեցին, սակայն նրանցից և ոչ մեկը նույնիսկ չփորձեց օգնություն կանչել: Այդ լուռ հերոսությունը ցնցել էր բոլորին:

Araqs (3)

Զոհված մարտիկները հետմահու պարգևատրվեցին իրենց չլսված արիության համար, իսկ Մեղրիի զորամասում նրանց հիշատակին հուշարձան կանգնեցվեց:

Օգոստոսի 25-ի առավոտյան ժամը 7-ին մարտական առաջադրանքը կատարված էր: Դեպի Իրանի խորքը տանող ճանապարհները բաց էին բանակային խոշոր կազմավորումների համար:

#G0I85AO

Բայց սրանք ընդամենը պատերազմի առաջին ամիսներն էին: Մինչև 1945-ի մայիսը դեռ փորձությունների երկար ճանապարհ կար և օրերի անվերջանալի մի շղթա` լի մաքառումներով, կորուստներով ու քաջությամբ:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս