
ՌԴ-ի դիրքորոշումը չի փոխվել ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման հանդեպ. Մեդվեդև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի ենթարկվել փոփոխության.
«Մենք քանիցս մեկնաբանել ենք այդ հարցը, այդ ընթացքում դրանք չեն ենթարկվել որևէ փոփոխության: 6-րդ հոդվածը քննարկվել է, մենք պետք է ազնիվ գտնվենք միմյանց հանդեպ: Անհրաժեշտ է այդ հարցը քննարկել կառուցողական ճանապարհով»:
ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի 6-րդ հավելվածը նախատեսում է, որ Մաքսային միության անդամները (ներկա դրությամբ՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը) կարող են պաշտպանական մաքսատուրքեր սահմանել համաձայնագրի այն մասնակից երկրից ապրանքներ ներկրելու դեպքում, որը երրորդ երկրի կամ միավորման հետ մտցնում է ազատ առևտրի ռեժիմ: