Ժամանակակից սպասարկումը հասանելի է նաև մարզի հարկատուին

Արարատի մարզում հարկ վճարողների սպասարկման հերթական ժամանակակից սրահն է այսօր ներկայացվել հարկատուներին. գործարկվել է Արտաշատի տարածքային հարկային տեսչության նորաոճ սպասարկման կենտրոնը: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանն ընդգծել է, որ Արտաշատի ՏՀՏ-ն մարզային առանցքային տեսչություններից է համարվում. «Արտաշատի ՏՀՏ-ի միջոցով տարեկան շուրջ 7 միլիարդ դրամ եկամուտ է ապահովվում պետական բյուջե: Այս առումով շատ ենք կարևորում նաև հարկ վճարողների սպասարկումը: Առաջիկայում նաև «ՀայՓոստ»-ի բաժանմունքերում սպասարկման կետերի գործարկմամբ ավելի կբարձրացվի հարկ վճարողների սպասարկումը»:

Ըստ Արտաշատի ՏՀՏ պետ Վարդան Մամիկոնյանի, կարճ ժամանակահատվածում ամբողջությամբ վերանորոգվել և շահագործման է հանձնվել շուրջ 50 քառակուսի մետր մակերեսով նոր սրահ` վերազինված ժամանակակից սարքավորումներով. «Սպասարկման գործառույթներն ամբողջությամբ տարանջատել ենք և տեղակայել տեսչությանը կից այս նորակառույց մասնաշենքում գործող սպասարկման սրահում, ինչը հնարավորություն է տալիս ինչպես գործառույթների, այնպես էլ սպասարկման առումով հարկ վճարողներին մատուցել նոր որակի մոտեցում: Հարկ վճարողների հետ տարվող հիմնական աշխատանքն այսուհետ կիրականացվի այս  սպասարկման սրահի միջոցով` «մեկ պատուհանի» սկզբունքով, ինչի շնորհիվ էապես կնվազի հարկային տեսուչ-հարկատու շփումը: Մեր սպասարկման սրահում լավագույն մասնագետներն են աշխատում և հարկ վճարողներն իրենց հուզող հարցերի վերաբերյալ հենց մեկ աշխատակցից կարող են լիարժեք պատասխան ստանալ, ինչպես նաև տեղում օգտվել իրավաբանի ծառայությունից»:

Նորաբաց սրահում հարկ վճարողները կարող են ոչ միայն ներկայացնել դիմումներ, հարկային հաշվարկներ, հաշվետվություններ, այլև օրենսդրական պարզաբանումներ ստանալ, օգտվել իրազեկման նյութերից: Այցելուներին հասանելի տեղում տեղադրված է նաև հայտարարությունների ցուցատախտակ, ինչն իր հերթին կնպաստի հարկատուների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Ի դեպ, Արտաշատի տարածքային հարկային տեսչությունը սպասարկում է նաև Արարատի տարածաշրջանի հարկ վճարողներին, քանի որ համակարգում տարեսկզբին իրականացված օպտիմալացման գործընթացի արդյունքում ի թիվս վերակազմակերպված մի շարք տարածքային հարկային տեսչությունների, Արարատի ՏՀՏ-ն վերակազմավորվել և միացել է Արտաշատի տարածքային հարկային տեսչությանը:

Արտաշատի հարկային տեսչությունն առանձնանում է տարածաշրջանին բնորոշ առանձնահատկություններով` սպասարկելով Արտաշատ, Արարատ, Վեդի քաղաքները և 68 գյուղական համայնք, այդ թվում` գինեգործությամբ և վերամշակմամբ զբաղվող 19, ձկնաբուծական 6 և հանքարդյունաբերական 25 ձեռնարկություն: Տեսչությունում հաշվառված  է 6757 տնտեսվարող սուբյեկտ, այդ թվում` 2561 իրավաբանական անձ, 4196 անհատ ձեռնարկատեր: Սպասարկման սրահի միջոցով է իրականացվում նաև էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնող հարկ վճարողների սպասարկումը: Արտաշատի ՏՀՏ պետ Վարդան Մամիկոնյանի խոսքերով, տեսչությունում ավելացել է էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկ վճարողների թիվը: Տարվա ընթացքում 3222 տնտեսվարող սուբյեկտից էլեկտրոնային հաշվետվություն է ներկայացրել 1562-ը: Այդ թիվն, ի դեպ, կազմում է գործող հարկ վճարողների  53 տոկոսը:

Անդրադառնալով տարեվերջյան մուտքերի ապահովման գործընթացին, Արմեն Աալվերդյանը նշել է, որ տեսչությունում անցկացված խորհրդակցության ժամանակ ընդգծվել է, որ աշխատակազմը պատրաստ է կատարել ծրագրված ցուցանիշները` միայն նոյեմբեր ամսին պետական բյուջե ապահովելով ավելի քան 620 միլիոն դրամի մուտքեր:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս