Ահմեթ Դավութօղլուն հրավիրվել է Երևան. Zaman
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հրավիրվել է Երևան, ուր դեկտեմբերի 12-ին տեղի է ունենալու Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության (ՍՏՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների նիստը:
Դրանից առաջ Դավութօղլուն հայտարարել էր, որ Անկարան աշխատում է մի շարք ստեղծագործ մտքերի վրա՝ կապված Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հետ: Չնայած որ հրավերն առաքվել է ՍՏՀԿ-ի անդամ բոլոր երկրներին՝ հայկական կողմն ընդգծել է, որ գոհ կլինի Թուրքիայի արտգործնախարարին տեսնել Երևանում:
Դավութօղլուն մտադիր է մեկնել Երևան, սակայն դա կախված է երեկ Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումից: Այն բանից հետո, ինչ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հայտարարեցին, որ պատրաստ են շարունակել իրենց երկխոսությունը, ակնկալվում է, որ Դավութօղլուն կմեկնի Հայաստան:
Հիշեցնենք, որ ներկայումս ՍՏՀԿ-ում նախագահում է Հայաստանը, իսկ հաջորդ տարվանից՝ ՍՏՀԿ-ի նախագահությունը պետք է վեց ամսով ստանձներ Ադրբեջանը (ՍՏՀԿ-ում նախագահությունն իրականացվում է այբբենական կարգով): Սակայն Ադրբեջանը հրաժարվել է դրանից, և ՍՏՀԿ-ի նախագահությունը ստանձնելու է Բուլղարիան: