Եթե չես կարող «քցել» ռուսներին, ինչո՞ւ ես ընդհանրապես փորձում. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
Քանի որ Հայաստանը հայտնվելու է Մաքսային միությունում, հետագայում հայտնվելու է նաև ռուբլու գոտում: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Հայաստանին չի թույլատրվի կենսաթոշակային կուտակումները՝ տարեկան մոտ 150 մլն դոլար, ՄՄ տարածքից տանել դուրս: Ըստ նրա՝ Ռուսաստանը հստակ հարց կդնի՝ ոչ մի դրսի արժեթուղթ. «Մինչդեռ մերոնք պատրաստվում են միջոցների կեսը, իրենց ծանոթներին արդեն գտել են Բելգիա-մելգիայում, տանել դնել էնտեղ: Ամեն քայլի հետևում մի անհասկանալի սխեմա կա՝ ով ընտրեց, ինչու ընտրեց, որտեղ է նրա նյութական շահագրգռվածությունը»:
«Վերջին հաշվով, եթե հայտնվում եք ՄՄ-ում, չի կարելի «քցել» ռուսներին: Այնտեղ կարգ ու կանոն կա: Հույս ունեն, թե ապրիլին Ռուսաստանում հեղափոխություն կլինի ու ՄՄ-ի մասին ռուսները կմոռանա՞ն: Չի կարելի այդպես աշխատել: Եթե չես կարող «քցել», ինչի՞ ես ընդհանրապես փորձում»,- ասաց Հ.Բագրատյանը:
Նա պնդեց, որ այս երկրում չկա մեկը, որ զբաղվել է 52 կուտակային ֆոնդերով, և ոչ մեկը բացարձակապես չգիտի այս համակարգը: Բագրատյանի խոսքով՝ մի 7 երկիր պարտադիր կուտակային համակարգով սկսել են, բայց հետո հասկացել, որ չի լինի այդպես:
«Եթե սա պարտադիր կուտակային է, խոսքը նմանապես վերաբերում է ԱՊՊԱ-ին, ապա թող պետական լինի: Այսինքն, ավելացրեք պետական կենսաթոշակային ֆոնդի վրա: Ինչո՞ւ են ինձնից փողը պոկում ու տանում տալիս իրենց ընկերոջը: Պարզվում է և´ ԱՊՊԱ-ի, և կուտակայինի հետևը կանգնած է հանրապետության բարձրագույն ղեկավարությունն՝ իբրև բիզնեսմեն: Նայեք, թե ԱՊՊԱ-ում որ ընկերություններն են և ում են պատկանում: Ստացվում է՝ ուրիշի հարսով փեսուն լավություն են անում: Սա Տիգրան Սարգսյանի գործելաոճն է եղել՝ երբ թույլ է եղել, նման օրենքով հանրապետության բարձրագույն ղեկավարությանը մի հատ բիզնես է մատուցել: Ես սա առանց երկմտելու եմ ասում»,- հայտարարեց Հ.Բագրատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում