Բացվեց Հայաստանում առաջին և ամենամեծ «Սինեմա Սթար Դալմա Գարդեն» Multiplex կինոթատրոնը (տեսանյութ, ֆոտոշարք)
Երեկ «Դալմա Գարդեն» առևտրային կենտրոնում տեղի ունեցավ «Սինեմա Սթար Դալմա Գարդեն» Multiplex կինոթատրոնի հանդիսավոր բացումը: Հայաստանում այն առաջին և ամենամեծ մուլտիպլեքսն է և հանդիսանում է ռուսաստանյան «Սինեմա Սթար» առաջատար ցանցի թվով 21-րդ կինոթատրոնը:
Արարողության շրջանակում հրավիրվածների համար կազմակերպված էր հյուրասիրություն, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կենդանի նվագակցությամբ՝ «Հոլիվուդ նոն սթոփ» խորագրի շրջանակներում հնչում էին հայտնի ֆիլմերի սաունդթրեքեր, ինչպես նաև ցուցադրված էր կինոնկարահանման հին տեխնիկան, որն իրենից առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում:
Մինչ պաշտոնական ծրագրի մեկնարկը մամուլի ասուլիս հրավիրվեց, որի ընթացքում «Սինեմա Սթար» հայաստանյան կինոթատրոնի տնօրեն Հրաչյա Արշակյանը, «Տաշիր Գրուպ» ընկերության փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը և «Սինեմա Սթար» ցանցի գործադիր տնօրեն Կարինե Աղաջանովան ներկայացրեցին ծրագրի ողջ էությունը: «Սինեմա Սթարը» Հայաստանում նոր ձևաչափի առաջին ու դեռևս միակ կինոթատրոնն է, որը ենթադրում է որակապես նոր մոտեցում ժամանցային ոլորտի նկատմամբ: 5000 քմ ընդհանուր մակերես ունեցող մշակութային նոր կենտրոնը ներառել է ոչ միայն ժամանակակից 6 կինոսրահներ, այլև հարմարավետ հանգստի և բազմաթիվ զվարճանքների ընդարձակ տարածք՝ ցանկացած տարիքի և ցանկացած նախասիրության այցելուների համար:
Ֆիլմերի ցուցադրման քաղաքականությունն այնպես է կառուցված, որ թույլ է տալիս հայաստանյան հանդիսատեսին ներկայացնել մասսայականություն վայելող և ամենաարդիական համաշխարհային ֆիլմերը: Կինոսեանսների ժամանակագրումը կատարվում է` հաշվի առնելով տարիքային տարբեր խմբերի ու կատեգորիաների այցելուների նախասիրությունները: Նախատեսվում է ֆիլմերը ցուցադրել ինչպես հայերեն և ռուսերեն, այնպես էլ՝ ֆիլմի բնօրինակ լեզուներով: Իսկ ֆիլմադարանը կընդլայնվի տարբեր ժանրերով, այդ թվում և՝ «արտ-հաուս» ժանրի ֆիլմերով ու աշխարհի լավագույն մարզական հանդիպումների ցուցադրություններով:
«Սինեմա Սթար» ցանցը համագործակցում է «Fox», «Disney», «Paramount Pictures» և այլ կինոարտադրող համաշխարհային ընկերությունների հետ:
Ժամանակակից կինոսրահներով կինոթատրոնը համալրված է կինոդիտման բոլոր առաջատար տեխնոլոգիաներով՝ Dolbi Digital 7.1, 3D ժամանակակից ֆորմատ, HFR (48/60 կադր վայրկյանում) որակի ցուցադրություն:
«Սինեմա Սթար» կինոգոտին ներկայացված է 6 կինոդահլիճներով` հագեցած ֆիլմերի ցուցադրության առաջադեմ հնարավորություններով: Վեց դահլիճներից երեքը 107 տեղանոց է, երկուսը` 47, իսկ մեկը` VIP լյուքս դասի սրահ է: VIP-դահլիճը տարբերվում է հարմարավետ, իջեցվող կաշվե բազկաթոռներով և հատուկ՝ անհատական սպասարկմամբ:
Նոր կինոթատրոնի առանձնահատկությունն է հարմարավետ կինոբարը և VIP-բարը: Շուտով սպասվում է դասական ոճի ռեստորանի բացումը՝ հատուկ դիզայնով և ճարտարապետությամբ, ինչպես նաև՝ Արարատ լեռան համայնապատկերով: Մի հատված տրամադրված էր պատկերասրահին, որտեղ այս պահին ներկայացված էին «Իգիթյան» արվեստի կենտրոնի նկարները:
Հանգստի և ժամանցի հսկայական՝ 5000 քմ տարածքում տեղակայված է խաղային գոտին`«Play lab»-ը, որտեղ կան բազմաթիվ ժամանցային խաղեր՝ ցանկացած ճաշակի և ցանկացած տարիքի մարդկանց համար`բոուլինգ, ավտոդրոմ, լաբիրինթոս, մանկական ատրակցիոններ, 75-ից ավելի խաղային ավտոմատներ, և այլն:
Այն հրաշալի ժամանցային վայր է ընտանիքի կամ ընկերների հետ միասին հանգիստն անցկացնելու համար:
Նոր կինոթատրոնի տոմսերի արժեքը սովորական դահլիճներում կսահմանվի՝ 1000-3500 դրամի, իսկ VIP սրահում՝ 4000-6000 դրամի սահմաններում: Գները կսահմանվեն` կախված ֆիլմի ֆորմատից, շաբաթվա օրերից և ժամերից. շաբաթվա և օրվա առաջին կեսին կինոդիտումների գներն ավելի ցածր կլինեն: Սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց, թոշակառուների, ուսանողների և դպրոցականների համար մշակվել է հատուկ ծրագիր, որով նախատեսված են հատուկ զեղչեր բնակչության որոշակի խմբերի համար: Ցուցադրվելիք ֆիլմերի ցանկին ծանոթանալու համար հնարավոր է այցելել «Սինեմա Սթարի» ֆեյսբուքյան էջ, իսկ պաշտոնական կայքի բացումը տեղի կունենա շուտով:
Մեկ շաբաթ`նոյեմբերի 18-25-ը կատարված աշխատանքի արդյունքում կինոթատրոնի ստացած ողջ հասույթը կփոխանցվի «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին, որի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Կինոթատրոնը կգործի ամեն օր, առավոտյան ժամը 10:00-ից մինչև կեսգիշեր: Հրաչյա Արշակյանի խոսքերով՝ ֆիլմեր կլինեն, որ կցուցադրվեն անգամ կեսգիշերից`ժամը 00:00-ից հետո:
Նոր «Սինեմա Սթար Դալմա Գարդենի» խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեցին «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը և Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը: Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի տիկինը՝ Գոհար Սարգսյանը, այլ պատվավոր հյուրեր, ինչպես նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:
Հրավիրվածները նախ՝ շրջայց կատարեցին կինոթատրոնի տարածքում, այնուհետև արարողությունն ավարտվեց կինոդիտմամբ՝ գերմանացի հայտնի ռեժիսոր Օլիվեր Հիրշբիգելի «Դիանա» ֆիլմի պրեմիերայով:
Աստղիկ Իսկանդարյան
Տեսանյութը և լուսանկարները՝ Սերժ Դավիդովի