Էմիլ Բուդաղյանը դատարան է բողոքարկել Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքների քննությունը: Հիշեցնենք, Հայկ Ալումյանը բողոքարկել է քննիչի կողմից կայացված երեք որոշում: Քննիչի որոշմամբ՝ դադարեցվել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, ինչպես նաև Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը. նրանց գործողություններն, ըստ քննիչի, համապատասխանել են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին:  Քննիչը որոշում էր կայացրել նաև հունիսի 1-ին սպնված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ նրա մահվան պատճառով:

Փաստաբան Հայկ Ալումյանն այսօր դատական նիստի ընթացքում կրկին միջնորդեց դատարան ներկայացնել քրեական գործի բոլոր նյութերը՝ նշելով, որ գործի ելքը կարող է կախված լինել գործի ընդամենը մեկ ցուցմունքից կամ ցուցմունքի միայն մեկ հատվածից: Փաստաբանի խոսքով՝ քննիչը դատարան ներկայացրել է քրեական գործի 210 թերթ նյութեր, որոնցից միայն 51-ը քննիչի այն որոոշումներն, որոնք ինքը բողոքարկել է: Ըստ Հայկ Ալումյանի՝ մինչ այս քրեական գործի բոլոր նյութերը ներկայացնելու իր միջնորդություններին քննիչն առարկում էր՝ հղում անելով նախաքննական գաղտնիքին. քննիչը, սակայն, ըստ Հայկ Ալումյանի, քննիչը  չի կարող ինքը որոշել, թե դատարանն ինչ նյութերի հիման վրա պետք է ստուգի իր որոշման օրինականությունը: «Արդարադատությունն այդ դեպքում կհայտնվի պատանդի կարգավիճակում նախաքննական մարմնի հանդեպ: Արդարադատության թելադրողը կլինի քննիչը: Այդպես չի կարող լինել»,- ասաց Հ. Ալումյանը: Նա նշեց նաև, որ քրեական գործի քննությունն արհեստականորեն է ձգձգվում, որպեսզի նախաքննական մարմինը պատրվակ ունենա՝ քրեական գործի բոլոր նյութերը դատարան չներկայացնելու:

Դատախազ Կարեն Հարությունյանը հայտարարեց, որ բողոքների վերաբերյալ բոլոր նյութերը կներկայացվեն դատարան: Քննիչ Ալեքսան Ղազարյանն էլ ասաց, որ ինքը պատրաստ է դատարան ներկայացնել նաև այն նյութերի պատճենները, որոնք դատարանը կգտնի, որ անհրաժեշտ են, վերաբերվում են բողոքին:

Հայկ Ալումյանը տեղեկացրեց նաև, որ Էմիլ Բուդաղյանը ևս դատարան է բողոքարկել քննիչի որոշումը, որով նա դադարեցրել է  իր որդու՝ դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետպնդումը դադարեցնելու մասին որոշումը: Դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշեց հետաձգել բողոքների քննությունը, մինչև դատարան կներկայացվեն քրեական գործի լրացուցիչ նյութեր և բողոքարկող կողմը կծանոթանա դրանց:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին:

Տեսանյութեր

Լրահոս