Շանթ Հարությունյանը կենթարկվի բժշկական փորձաքննության

Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի հետևանքով «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը ձերբակալվեց, ապա դատարանը բավարարեց նրան կալանավորելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը:

Շանթ Հարությունյանը, ինչպես հայտնի է` հրաժարվել էր վճարովի պաշտպան ունենալու հնարավորությունից: Նրա պաշտպանությունը կարճ ժամանակահատված իրականացրեց հանրային պաշտպան Գարիկ Մալխասյանը: Շանթ Հարությունյանը, սակայն, հրաժարվեց նաև հանրային պաշտպանի ծառայությունից: «168 Ժամի» հետ զրույցում Գարիկ Մալխասյանն այս առնչությամբ ասաց. «Ընթացակարգը հետևյալն է: Կոնկրետ դեպքում մեղադրյալը՝ Շանթ Հարությունյանը, իր դիրքորոշումը հստակ հայտնել էր հենց սկզբից, որ չի ցանկանում պաշտպան ունենալ: Այդ հրաժարումը չէր ընդունվել. կային հանգամանքներ՝ հոգեկան առողջության հետ կապված կասկածներ ուներ քննչական մարմինը: Այդ կասկածներն այս պահին ճշտվել են, արձանագրություն է կազմվել, Շանթ Հարությունյանը վերահաստատել է իր դիրքորոշումը, և հրաժարումն ընդունվել է»:

Գարիկ Մալխասյանի խոսքով` Շանթ Հարությունյանի առողջության հետ կապված կասկածների վերաբերյալ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն: Մինչև իր՝ որպես պաշտպանի լիազորությունների դադարեցումը, Գարիկ Մալխասյանը ծանոթացել է դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը: «Նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն: Դատարանում պետք է քննարկվի միջնորդությունը»,- ասաց Գարիկ Մալխասյանը` նշելով, որ փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը ծանոթացել է երեկ. «Փորձաքննության կատարումը կախված է դատարանում այդ միջնորդությունը քննելուց:

Դատարանի որոշմամբ պետք է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության դեպքում հիվանդանոց տեղավորվի անձը: Դա կայացվում է միայն դատարանի որոշմամբ: Երբ դատարանն այդ միջնորդությունը կքննարկի, դրանից հետո արդեն փորձաքննությունը կկատարվի»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Նա դատարանի որոշմամբ կալանավորվել էր, սակայն հրաժարվել էր կալանքի որոշումը բողոքարկելուց: Գարիկ Մալխասյանի խոսքով` իրեն առաջադրված մեղադրանքի առնչությամբ Շանթ Հարությունյանը դիրքորոշում չի հայտնել: «316-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքում, չեմ կարծում, որ նախաքննական մարմինը լուրջ ապացուցողական բազա ունի: Մեղադրանքը հիմնված է քաղաքացիական հագուստով ոստիկանին հարվածելու հանգամանքի վրա»,- ասաց Գ. Մալխասյանը:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին հայտարարել էր, որ այցելել է նոյեմբերի 5-ի միջադեպի կապակցությամբ այն ժամանակ ձերբակալված 20 անձանց: Ըստ պատգամավորի` Շանթ Հարությունյանն իրեն տեղեկացրել էր, որ բռնություններ են եղել իր նկատմամբ. «Շանթ Հարությունյանն ինձ տեղեկացրեց, որ Կենտրոնի ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել անձամբ ՀՀ Ոստիկանության պետ Վ. Գասպարյանը և Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: Վերջինս նաև սպառնալիքներ է տեղացել Շանթ Հարությունյանի որդու հասցեին և նվաստացուցիչ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Ըստ Շանթ Հարությունյանի՝ մի խումբ ոստիկաններ այդ ընթացքում իր ձեռքերը բռնած են եղել:

Անձամբ Վ. Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին հայտարարեց նաև ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը: Ոստիկանները Վարդանյանի կրծքից պոկել են նաև պետական պարգևների արժանացածի կրծքանշանը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր պատգամավորը: Նա ասվածի վերաբերյալ գրություն էր ուղարկել նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին:

Գարիկ Մալխասյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Շանթ Հարությունյանը խոսե՞լ է իր նկատմամբ կիրառված (ինչպես Ն. Փաշինյանն էր նշել) բռնությունների մասին:
«Քանի որ Շանթ Հարությունյանի դիրքորոշումը` պաշտպան ունենալու հետ կապված, հստակ էր, չէր ուզում պաշտպան ունենալ, այդ հարցը քննարկվում է Հատուկ քննչական ծառայությունում, նյութերի նախապատրաստման ընթացքում ես մասնակցել եմ այդ բացատրությունների տալուն:

Ընդհանրապես որևէ ցուցմունք, որևէ տեղեկատվություն չի հայտնել Շանթ Հարությունյանը: Ասել է, որ դրա մասին կխոսի հետագայում»,- ի պատասխան` ասաց Գ. Մալխասյանը:

Հանրային պաշտպան Գարիկ Մալխասյանը հայտնեց նաև, որ նախաքննական մարմինն արգելել է Շանթ Հարությունյանի հետ տեսակցությունները:

Մենք զրուցեցինք նաև հարուցված քրեական գործով մեկ այլ մեղադրյալի` Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանի հետ: Նշենք, որ Տիգրան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ ևս որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը: Պաշտպանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ արդեն բողոքարկել է կալանավորման մասին որոշումը: Միաժամանակ նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը: Այս ընթացքում հնչեցին նաև հայտարարություններ այն մասին, որ ձերբակալված անձինք գործողություններ չեն արել:

Փաստաբան Արա Զաքարյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գործողություններ է արել իր պաշտպանյալը մինչ Ոստիկանության բաժանմունք բերման ենթարկվելը: «Իմ պաշտպանյալն էլ է ասում, որ նա որևիցե ոստիկանի դիմադրություն ցույց չի տվել և առաջադրված մեղադրանքը չի ընդունում»,- ի պատասխան` ասաց Արա Զաքարյանը:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս