Բաժիններ՝

Սաակաշվիլին հաստատել է, որ չի մասնակցի Մարգվելաշվիլիի երդմնակալությանը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ հայտարարություն է տեղադրել Facebook սոցցանցում՝ կապված վաղը կայանալիք նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողության հետ:

Դրանում Սաակաշվիլին նշել է, որ մշտապես պատկերացրել է, որ իր կին Սանդրա Ռուլովսի հետ ներկա կգտնվի նորընտիր նախագահի երդմնակալությանը՝ անկախ նրա կուսակցական պատկանելությունից, ինչպես որ ԱՄՆ-ում և ժողովրդավարական մյուս երկրներում է:

Սաակաշվիլիի խոսքերով՝ միշտ երազել է նման կերպ ավարտել իր 10-ամյա նախագահական ժամկետը, սակայն դա խափանեցին նախորդ տարվա հոկտեմբերին Վրաստանում իշխանության եկած նոր իշխանությունների գործողությունները:

Սաակաշվիլին հիշեցրել է, որ դրանից հետո հարցաքննվել են իրենց կուսակցության հազարավոր ակտիվիստներ, մեղադրանքներ են ներկայացվել ավելի քան 100 նախկին բարձրաստիճան անձանց կամ կուսակցության ակտիվ առաջնորդների նկատմամբ, ինչպիսիք են կարևոր ֆիգուրներ հանդիսացող Բաչո Ախալայան ու Վանո Մերաբիշվիլին, որոնք դարձել են «վհուկների որսի» զոհ և ներկայումս գտնվում են բանտում:

Ելնելով այդ ամենից՝ Սաակաշվիլին հայտարարել է, որ անհնար է համարում իր ներկայությունը երդմնակալությանը՝ հավելելով, որ չի կարող մարդկանց խաբել՝ ասելով իբրև թե ամեն ինչ նորմալ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս