Լիբիայի մայրաքաղաքում բախումներ են գրանցվել. կա 27 զոհ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ցուցարարների ու աշխարհազորայինների միջև տեղի ունեցած գիշերային բախումների ընթացքում զոհվել է 27 մարդ, վիրավորվել է ևս 235 մարդ: Այս մասին հայտարարել է վարչապետ Ալի Զեյդանը:
Ավելի վաղ հայտարարվել էր 13 զոհի ու 130 վիրավորի մասին: Լիբիայի առողջապահության նախարար Նուրեդդին Դոգմանն իր հերթին հայտնել է 31 զոհի և 285 վիրավորի մասին: Երեկ հազարավոր մարդիկ են հավաքվել Տրիպոլիում աշխարհազորայինների շտաբ-բնակարանի մոտ՝ պահանջելով լքել մայրաքաղաքում նրանց զբաղեցրած շենքերը:
Հանրահավաքը եղել է խաղաղ և թույլատրված է եղել ՆԳՆ-ից, սակայն, երբ ցուցարարները մտել են Գարգուրի շրջան, նրանց վրա կրակ են բացել: Տեղաբնակները բողոքի ակցիայի են ելել ուրբաթօրյա աղոթքից հետո, որի ժամանակ համապատասխան կոչով նրանց դիմել է իմամը: