Երևանի ավագանու կանոնակարգը չի խախտվել
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության կողմից ավագանու կանոնակարգը խախտելու մասին տարածած հայտարարության առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ հայտարարության մեջ նշվածը չի համապատասխանում իրականությանը և որ Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակազմի կողմից օրենքի և կանոնակարգի խախտում չի եղել: Այսպես.
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն` ավագանու նիստերի օրակարգի նախագիծը կազմում է քաղաքապետը` քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազներկուշաբաթառաջ ներկայացրած նախաձեռնությունների հիման վրա:
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշումների, ուղերձների և հայտարարությունների ընդունման նախաձեռնությունները ավագանու նիստում քննարկվում են ոչ ուշ, քան 4 ամսվա ընթացքում:
«Բարև Երևան» խմբակցության անդամների նախաձեռնությունը, ինչպես վերջիններս արդեն նշել են իրենց հայտարարության մեջ, աշխատակազմի քարտուղարին է ներկայացվել 11.11.2013թ. գրությամբ (մուտքի համար` 13/64559), որում բառացիորեն նշված է հետևյալը.
«Ձեզ եմ ներկայացնում «Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի 1-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը` սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու նպատակով»: Վերը նշածից ակնհայտ է, որ խոսք չի գնում որոշման նախագիծը նախապես նշանակված նիստի` 25.11.2013թ., օրակարգում ընդգրկելու մասին:
Ավագանու որևէ անդամի կամ քաղաքապետի կողմից քննարկման ներկայացվող որևէ նախաձեռնություն ամենևին էլ պարտադիր չէ, որ ընդգրկվի նախապես նշանակված հաջորդ հերթական նիստի օրակարգում: Հերթական նիստ ասելով պետք է հասկանալ ինչպես նախապես նշանակված հերթական նիստը, այնպես էլ դրան հաջորդող ավագանու նիստերը, բացառությամբ արտահերթ նիստի: Այսինքն, ավագանու նիստի օրակարգը կարող է կազմվել ոչ ուշ, քան նիստից առնվազն 2 շաբաթ առաջ ներկայացված նախաձեռնությունների հիման վրա, և որոնք պետք է քննարկվեն ավագանու նիստում ոչ ուշ քան 4 ամսվա ընթացքում: Ուստի, որևէ պարտադիր պայման չկա, որ նախաձեռնությունները անմիջապես ընդգրկվեն նախապես նշանակված հաջորդ հերթական նիստի օրակարգում:
Նշենք նաև, որ, անկախ վերը թվարկած հանգամանքներից, լավագույն ցանկության դեպքում անգամ Երևանի քաղաքապետը չէր կարող ներկայացվող որոշման նախագիծն ընդգրկել նոյեմբերի 25-ին նախատեսվող ավագանու հերթական նիստի օրակարգում, քանի որ, ինչպես արդեն նշվեց, դրանք պետք է ներկայացվեն նիստից առնվազն 2 շաբաթ առաջ, այսինքն` մինչև 08.11.2013թ. ներառյալ (նոյեմբերի 9-ը և 10 հանգստյան օրեր են):
Կարծում ենք, որ «Բարև Երևան»-ի մեր գործընկերների կողմից եղել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածում և ավագանու կանոնակարգի 20-րդ կետում նշված ժամկետի հաշվարկի թյուրընկալում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
իրավաբանական վարչություն