Վրացական մանդարինը բազմամյա դադարից հետո վերստին ուղարկվել է Ռուսաստան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վեցամյա դադարից հետո առաջին անգամ Վրաստանից Ռուսաստան է արտահանվել մանդարին: Խոսքը գնում է 120 տոննա մանդարինի մասին, որի մի մասն ուղարկվել է Սիբիր, իսկ մյուս մասը՝ Մոսկվայի մարզ:

Այս մասին հայտարարել է Վրաստանի Սննդամթերքի ազգային գործակալության՝ հասարակության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Գիգա Կուրդովանիձեն: Վերջինիս խոսքերով՝ նոյեմբերի 18-ին Վրաստան են ժամանելու Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության (Россельхознадзор) մասնագետները, որոնք դրա հաջորդ օրը վրացի մասնագետների հետ միասին կմեկնեն Աջարիա, ուր և կհետևեն ցիտրուսների արտահանման գործընթացին:

Ռուսաստանը վրացական ապրանքների ներկրման վրա բեռնարգելք է դրել 2006 թվականից: Այս տարվա մայիսին կողմերը պայմանավորվեցին առևտրային հարաբերությունների վերականգնման շուրջ:

Սրանից առաջ հաղորդվում էր, թե վրացական ցիտրուսների 1/3-ը կարտահանվի Ռուսաստան: 

 

Տեսանյութեր

Լրահոս