Ռուբեն Հակոբյան. Նույն ցավով, ինչով տառապում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանին էլ պատեց

2014թ. պետական բյուջեի նախագիծը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի համոզմամբ՝ հետևանք է կառավարության քաղաքականության, որի դեմ «կռիվ տալն» անիմաստ է: Նա նշեց, թր  ամբողջությամբ համաձայն է Սերժ Սարգսյանի այն գնահատականին, թե ապրում ենք «գաղջ մթնոլորտում», ապա նկատեց. «Այո, թունավորված հասարակական մթնոլորտ է, մենք շնչում ենք այդ օդը, արտաշնչում ենք չարություն, արտագաղթ, անտարբերություն, երբեմն՝ ինքնասպանություն»։

Նաև կարծիք հայտնեց, թե իրենք բոլորն էլ մեղավոր են դրանում. «Մենք մեր անկախ պետության ստեղծման ընթացքում իշխանության իրավահաջորդ օպերացիան իրականացնելու պատճառով ենք այս վիճակում։ Երեք նախագահների այսօրվա միջանձնային հարաբերություններն ուղիղ համեմատական է այն գաղջ մթնոլորտին, որն այսօր կա հասարակության մեջ։ Նրանք իրենց ղեկավարման ժամանակ շատ մեծ գործ արեցին, բայց երբ եկավ իշխանության հարցը՝ շարունակե՞լ իշխանավարել, թե՞ ոչ, ամեն ինչի վրա գիծ են քաշում և ասում՝ առանց իմ ղեկավարության Հայաստանը չի կարող ապրել։ Այդ իշխանատենչության համար նույնիսկ զոհեցինք Արցախը, հիշո՞ւմ եք, որ Արցախի նախագահին բերեցինք ու նշանակեցինք վարչապետ: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մեր տնտեսությունը շնչում էր, ինքը լավ տնտեսվար էր, ձեռքը պահում էր տնտեսության պուլսին, բայց եկավ հասավ իշխանության հարցը, նույն ցավով, ինչով տառապում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանին էլ պատեց, որ իր թեկնածուն պետք է հաջորդ նախագահը դառնա։ Այսօր էլ արդեն սկսվել են այս իշխանության երկունքի ցավերը՝ իրավահաջորդ օպերացիա սարքելու համար։ Կծնվի նոր նախագահ, ով թշնամի կդառնա երեք նախագահներին։ Մեր պետականության ողնաշարին մենք ենք հարվածել՝ մեր իշխանատենչության պատճառով»։

Նա կոչ արեց համադրել ուժերը՝ նշելով, թե Սերժ Սարգսյանը չի կարող լուծել մեր երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրները։ Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը պետք է իր մոտ հրավիրի ոչ իշխանական ուժերի առաջնորդներին և քննարկի արմատական փոփոխություններ կատարելու ռացիոնալ տարբերակները։

«Սա միակ ճանապարհն է, քանի որ տագնապն արդեն խուճապի է վերածվել։ Այսօր եթե խորհրդարանական ոչ իշխանական քաղաքական ուժերի ղեկավարները՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Գագիկ Ծառուկյան, Հրանտ Մարգարյան, Րաֆֆի Հովհաննիսյան, կանգնեն Ազատության հրապարակում, առանց խաղեր տալու ժողովրդի հետ և ասեն, որ պետության վիճակը վատ է, պետք է փրկենք երկիրը, հավատացեք, երկու ամսում իշխանափոխություն կլինի»,- եզրափակեց նա:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս