
Իրաքում այսօրվա ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 40-ի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքում շիաների կողմից ավանդաբար նշվող Աշուրա սգո տոնը վերածվել է աղետի: Այսիր Իրաքում գրանցվել են մի շարք ահաբեկչություններ, որոնց զոհ է գնացել առնվազն 40 մարդ: Զոհվածները հիմնականում հանդիսացել են սրբավայրեր (Քերբելա) այցելած շիա ուխտագնացներ:
Երկրի արևելքում ընկած Դիյալահ նահանգում զոհվել է մոտ 30 մարդ: Եվս 65 մարդ վիրավորվել է: Ոստիկանության տվյալներով՝ ահաբեկչությունն իրականացրել է մահապարտը: Մոտ 10 մարդ զոհվել է Էլ-Հաֆրիա վայրում կատարված բռնության հետևանքով: Այստեղ ծայրահեղականները պայթեցրել են ուխտագնացների վրանները:
Տարեսկզից սկսած՝ Իրաքում ահաբեկչությունների ու զինված հարձակումների հետևանքով զոհվել է 6000-7000 մարդ: Միայն հոկտեմբերին Իրաքում զոհվել էր ավելի քան 1000 մարդ: Նոյեմբերին զոհվածների քանակն արդեն իսկ գերազանցել է 500-ի սահմանագիծը: