Ներկայումս աշխարհում շաքարախտով հիվանդ է մոտ 350 միլիոն մարդ. Բան Կի Մուն
ՄԱԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ուղերձ է տարածել՝ կապված Շաքարախտի դեմ համաշխարհային պայքարի օրվա հետ: Իր ուղերձում Մունը նշել է, որ ներկայումս աշխարհում շաքարախտից տառապում է մոտ 350 միլիոն մարդ:
Նա ընդգծել է, որ շաքարախտով հիվանդների քանակական աճ նկատվում է աշխարհի բոլոր տարածաշրջաններում, ընդ որում, ավելի հաճախ այն խոցում է երիտասարդներին և չունևորներին:
Նշելով, որ խնդիրն ունի լուրջ բնույթ՝ Մունը մեծապես կարևորել է երիտասարդների ու երեխաների շրջանում ճարպակալման դեպքերի կրճատումը. «Շատ մարդիկ չեն էլ կասկածում, որ հիվանդ են շաքարախտով, իսկ ուշացած ախտորոշումը հանգեցնում է լուրջ բարդությունների:
Բուժօգնություն չստացող շաքարախտով հիվանդները հաճախ վաղաժամ մահանում են սրտի և ուղեղի կաթվածներից, երիկամների անբավարարությունից: Շատերը դառնում են հաշմանդամներ՝ կուրանալով կամ կորցնելով իրենց վերջույթները:
Այսօր ես երկրների կառավարություններին կոչ եմ անում կատարել ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի հարցում ստանձնած պարտավորությունների կատարումը»: