
Ստեփան Դեմիրճյան. Իշխանությունը մեր երկրում սերտաճել է բիզնեսի հետ (տեսանյութ)

ԱԺ-ում 2014թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը դիմելով ՀՀ կառավարությանը՝ նշեց, թե վաղուց էր պետք քայլեր ձեռնարկել աղքատությունը ծնող պատճառների վերացման ուղղությամբ: Ըստ նրա՝ Կառավարության ոչ համարժեք սոցիալ-տնտեսական քաղաքականության, ոչ արդյունավետ կառավարման հետևանքով է, որ երկրում չեն ստեղծվում աշխատատեղեր, մեծանում է աղքատությունը, սոցիալական բևեռվածությունը, աննախադեպ չափերի է հասել արտագաղթը:
«Հավասար մրցակցային պայմանների բացակայության, ոչ ճիշտ հարկային քաղաքականության, հարկային բեռի ոչ արդարացի բաշխման պատճառով է, որ խեղդվում է ձեռներեցությունը, զանգվածաբար փակում են փոքր և միջին ձեռնարկությունները և չեն ստեղծվում նորերը»,- նշեց նա: Ըստ նրա՝ Կառավարությունն ընդունում է, որ հարկային վարչարարության խստացումը բացասական ազդեցություն ունի բիզնես միջավայրի վրա, բայց բյուջեով նույնն է մնում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը, երբ կառավարությունը առաջիկա խնդիր է համարում բիզնես միջավայրը:
«Թե ինչ բացահայտումներ կանի կառավարությունը՝ ժամանակը ցույց կտա, սակայն վաղուց արդեն բացահայտված է, որ իշխանությունը մեր երկրում սերտաճել է բիզնեսի հետ, որ շատ բարձաստիճան պաշտոնյաներ ունեն բիզնեսներ ու պաշտոնեական դիրքն օգտագործում են իրենց և իրենց մերձավորների բիզնես շահերը սպասարկելու համար և դրա դեմ է պետք պայքարել, այստեղից է պետք սկսել: Ավելորդ է խոսել տնտեսության առողջացման մասին, քանի դեռ տնտեսական ռեսուրսները կենտրոնացած են մի խումբ մարդկանց ձեռքին, քանի դեռ լավագուն բիզնեսը իշխանությունն է»: