
Ճապոնիան և Թուրքիան համատեղ կարտադրեն տանկային շարժիչներ

Jane’s-ի փոխանցմամբ՝ Ճապոնիան ու Թուրքիան սկսել են բանակցել համատեղ ձեռնարկություն հիմնելու շուրջ, որը հիմնական մարտական տանկերի համար կմշակի և կարտադրի շարժիչներ: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան:
Ակնկալվում է, որ նախագծին մասնակցելու են ճապոնական Mitsubishi Heavy Industries և թուրքական TUSAS Engine Industries ընկերությունները: Կանխատեսվում է, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ենթաքարտուղարությունը համատեղ նախագծի իրագործումը հավանության կարժանացնի 2014 թվականի կեսին:
Ներկայումս թուրքական Otokar ընկերությունը զբաղված է Altay տանկի մշակմամբ, որի զանգվածային արտադրությունը նախատեսվում է սկսել 2015 թվականի սկզբին: Տանկի քաշը կազմում է 60 տոննա, այն հագեցվելու է 1500 ձիաուժ հզորությամբ շարժիչով և 120 միլիմետր տրամաչափի հրանոթով: