Նիկոլայ Բաղդասարյան. Վարդան Պետրոսյանը խնդրել է ամեն ինչ անել, որպեսզի մյուս կողմին չվնասենք

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի արդյունքում տուժողների ներկայացուցիչ Մարատ Գինոսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ողբերգական պատահարի ժամանակ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան կողնակում կանգնած է եղել, չի շարժվել: Անդրադառնալով այդ հայտարարությանը` Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հնարավոր է` «Նիվա» մակնիշի ավտոմեքենան հետընթաց շարժման մեջ եղած լինի, ապա նշեց, թե ցանկանում է հասկանալ` ինչո՞ւ է այդ դեպքում Վ. Պետրոսյանը դուրս եկել կողնակ, հարվածել մեքենային:

«Իսկ ինքը պատկերացնո՞ւմ է այդ տեղանքը, տեխնիկապես հնարավո՞ր է` ավտոմեքենան այդ տեղանքում դուրս գա կողնակ, ուղղահայց խփի: Դա տեխնիկապես հնարավո՞ր է: Ինքը նայե՞լ է այդ հատվածը: Որպեսզի դուրս գա, պետք է Վ. Պետրոսյանը գնա Աշտարակ, մտնի Աշտարակի ճանապարհ, հետո փոշմանի, վերադառնա ետ` դեպի Երևան, որը տեխնիկապես հնարավոր չէ: Նման մանյովրում չի կարող լինել: Հո ասելով չէ՞: Գիտականորեն կարելի է հիմնավորել՝ որտեղ է դեպքը տեղի ունեցել»,- ասաց Վ. Պետրոսյանի փաստաբանը: Նա նշեց, որ նշանակված փորձաքննությունը հստակ տվել է պատասխանը՝ տուժողների ավտոմեքենան կանգնա՞ծ է, եղել, թե՞ հետընթաց շարժվել է. այժմ փաստաբանը չի կարող հրապարակել փորձաքննության եզրակացության այդ մասը:

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով` ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տրամադրած լուսանկարներում ակնհայտ երևում է, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհի բանուկ մասում. «Որտեղ թափված է յուղը, որտեղ թափված են ապակիները, այնտեղ տեղի է ունեցել վթար՝ բանուկ մասի վրա՝ առաջին գոտում: Այնտեղ վեճ չկա: Երբ երկու ավտոմեքենաներ բախվում են, յուղն այդ պահին թափվում է ուղղահայաց: Չի կարող վթարը լինել կողնակում, բայց յուղը թափված լինի բանուկ մասում: Այդպես չի լինում: Չի կարող պատահել` ապակիները թափված լինեն բանուկ մասում, բայց վթարը տեղի ունենա կողնակում, այդպես չի լինում»: Փաստաբանի փոխանցմամբ` ըստ փորձագետների՝ Վ Պետրոսյանի ավտոմեքենայի արագությունը 71 կիլոմետր ժամ է, եթե մյուս ավտոմեքենան կանգնած է եղել:

Անդրադառնալով գործով քննիչ Հայկ Հակոբյանին, Ն. Բադասարյանը նշեց, որ ինքը նամակ է գրել ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության պետ, փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանին և նրան տեղեկացրել քննիչի գործողությունների մասին: Փաստաբանի խոսքով՝ քրեական գործի օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ է նախ` փոխել քննիչին. «Այդ քննիչը ոչ մի ձև չի ուզում օբյեկտիվ քննել»,- ասաց նա: Ն.Բաղդասարյանի խոսքով՝ անհրաժեշտ է նշանակել նաև փորձաքննություն՝ պարզելու համար վթարի իրական մեխանիզմը, մոդելավորելու այն: Ըստ նրա՝ Հայաստանում այդպիսի փորձաքննություններ չեն իրականացվում, և պատրաստ է նույնիսկ այդ փորձաքննությունների գումարը վճարել իր գրպանից: Հիշեցնենք, որ Վ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Կարդացեք նաև

Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց նաև մեր մի քանի այլ հարցերին:

– Ի՞նչ կարող եք ասել երկու ավտոմեքենաների տեխնիկական վիճակի մասին: Ավտոտեխնիկական փորձաքննությունը տվե՞լ է հարցի պատասխանըգ արդյոք մեքենաները սարքի՞ն եղել են, թե՞ ոչ:

– Փորձագետը տվել է` երկու ավտոմեքենաներն էլ նորմալ վիճակում են եղել, բայց լուսանկարներում, որոնք մեզ տրամադրել է Շամշյան Գագիկը, ակնհայտ երևում է, որ «Նիվա» մակնիշի երկու հայելիներն էլ բացակայել են: Եվ վթարի հետևանքով չէ, որ դրանք կոտրված են եղել: Ետ նայող հայելիները բացակայել են, դա` հաստատ:

– Տեղեկատվություն ունե՞քգ արդյոք վա՞ռ են եղել «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի ետևի լույսերը:

– Ունեմ, բայց չեմ կարող հայտնել:

– Ինչո՞ւ:

– Որովհետև չենք ուզում կողմին վնասել: Վարդան Պետրոսյանը խնդրել է ամեն ինչ անել, որպեսզի մյուս կողմին չվնասենք, որովհետև հաշվի ենք առնում, որ մյուս կողմում երկու երեխա է մահացել:

– News.am-ի հետ զրույցում քննիչ Հայկ Հակոբյանն այսօր ասել էր, որ Վ. Պետրոսյանը դատական նիստի ընթացքում իրենից իր արածների, ասածների համար ներողություն է խնդրել: Ինչի՞ մասին է խոսքը:

– Քննիչը կարող էր ասել, որ Վ. Պետրոսյանն իրենից 5000 դոլար է վերցրել: Ինքը երբևիցե այսքան ժամանակ ճիշտ բան ասե՞լ է:

– Այսինքն` նրա հայտարարությունը չի՞ համապատասխանում իրականությանը:

– Ինչի՞ համար պետք է ներողություն խնդրեր: Որ իրեն ձերբակալել, կալանավորելու միջնորդությո՞ւն է գրել, որ իրեն վիրավորե՞լ է, ասել է, թե` «դեռասանը մեյմունությո՞ւն» է արել:

– Դուք բողոքարկել էիք Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշումը: Մինչ այժմ պատասխան չե՞ք ստացել:

– Պատասխանը չեն տվել, չեմ ստացել: Բանավոր տեղեկացրել են, որ մերժել են, բայց պատասխանը չեմ ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս