Տարոն Մարգարյանը կառավարությունից լիազորություն է խնդրում
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հինգշաբթի օրվա կառավարության հաստատմանը կներկայացնի որոշման նախագիծ, որով նախատեսվում է լիազորել Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության անունից «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Աբովյան, Նալբանդյան, Արամի փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող 2008 թվականի հուլիսի 21-ին կնքված պայմանագրում քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետը 2016 թվականի դեկտեմբերի 30-ը սահմանելու վերաբերյալ փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր:
Ինչպես նշվում է որոշման հիմնավորման մեջ, ՀՀ կառավարության 05.08.2004թ. հ. 1154-Ա որոշմամբ Երևան քաղաքի Հյուuիuային պողոտայի` Աբովյան-Նալբանդյան փողոցներին հարող հատվածից 8620,0 քառ. մետր հողամաu կառուցապատման իրավունքով հատկացվել էր «ԱՎՈ Ֆ.Մ.Հ. » ընկերությանը: Բացի այդ ՀՀ կառավարության 25.01.2007թ. թիվ 108-Ն որոշման հավելվածի 2-րդ և 20.11.2008թ. հ. 1405-Ն որոշման հավելվածի 2-րդ կետերով վերը նշված տարածքների նկատմամբ արդեն իսկ ճանաչվել էր բացառիկ` գերակա հանրային շահ և տարածքի ձեռքբերող էր ճանաչվել «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ՀՀ կառավարության 20.11.2008թ. հ. 1405-Ն որոշմանը կցված` Հայաստանի Հանրապետության և «ԱՎՈ Ֆ.Մ.Հ. » uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերության միջև 21.07.2008թ. կնքված պայմանագրի համաձայն քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետ է սահմանվել պայմանագիրը ուժի մեջ մտնելու պահից 5 տարի, որը լրանում է 20.12.2013թ-ին: Ներկայումս տարածքում իրացման աշխատանքները ավարտված են ամբողջությամբ, սակայն տարածքը կառուցապատված է մասնակի: Մեկ մասնաշենք 2009 թվականին հանձնվել է շահագործման, թվով 4 մասնաշենքեր ավարտուն վիճակում են և կհանձնվեն շահագործման 2013 թվականին: Ընկերությունը դիմել է Աբովյան, Նալբանդյան, Արամի փողոցներով պարփակված տարածքում մյուս թվով 3 մասնաշենքերի` բնակելի առևտրա-հասարակական համալիրի կառուցապատման ժամկետը մինչև 2016 թվականի դեկտեմբերի 30-ը երկարացնելու խնդրանքով:
Որոշման մեջ նշվում է, որ հաշվի առնելով արդեն իսկ հաստատված քաղաքաշինական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը և այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության վերը նշված որոշումների հիման վրա տարածքի ձեռքբերող է հանդիսանում «ԱՎՈ Ֆ.Մ.Հ. » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և այն, որ տարածքում մեծամասամբ իրականացվել է քաղաքաշինական ծրագիրը և ծրագրի շարունակականությունը ապահովելու նպատակով առաջարկվում է լիազորել Երևանի քաղաքապետին նշված ընկերությունների հետ կնքել համաձայնագիր` Հայաստանի Հանրապետության և «ԱՎՈ Ֆ.Մ.Հ. » uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերության միջև 21.07.2008թ. կնքված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին` քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետ սահմանելով 2016 թվականի դեկտեմբերի 30-ը:
Համաձայնագրի կնքումից հետո, ըստ հիմնավորման, «ԱՎՈ Ֆ.Մ.Հ. » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հնարավորություն կընձեռվի նշված տարածքում շարունակել և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը: