Վարդան Պետրոսյանի փաստաբան. Չի կարող վթարը լինել կողնակում, բայց յուղը թափված լինի բանուկ մասում

news.am-ին հետ զրույցում Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարը քննող քննիչ Հայկ Հակոբյանն այսօր ասել էր, թե ինքն այս գործի հետ կապված օրենք չի խախտել: Անդրադառնալով քննիչ Հայկ Հակոբյանի այս հայտարարությանը՝ Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարայնն ասաց, թե լրագրողները կարող են դիմել ցանկացած իրավաբանի՝ հետևյալ հարցով. եթե անձը գործում ներգրավվում է որպես կասկածյալ, եթե նրան մեղադրանք է առաջադրվում, և քննիչը փորձաքննություններ նշանակելու մասին որոշումները չի տրամադրում նրան, դա օրենքի խախտո՞ւմ է, թե՞ ոչ:

«Քննիչը մինչև օրս Վարդան Պետրոսյանին չի ծանոթացրել այդ որոշումներին, չի կազմել արձանագրություն»,- ասաց Նիկոլայ Բաղդասայանը: Նա նշեց, որ կան որոշակի հանգամանքներ, որոնք կարող են հիմնավորել, որ դեպքը տեղի չի ունեցել այնպես, ինչպես ներկայացնում են տուժողները.

«Ես ֆեյսբուքյան էջում դրել եմ մի հատված փորձագիտական եզրակացությունից, որտեղ երևում է, որ փորձագետները արձանագրել են, որ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի, տառացի կարող է չկրկնեմ, տված ցուցմունքում ելակետային տվյալները, որ ինքը աջ է մանյովրել, կանգնած վիճակում է եղել և փոխանցման տուփը գտնվել է նեյտրալ վիճակում, վթարի մեխանիզմին չի համընկնում: Կան փորձաքննության ժամանակ ի հայտ եկած որոշակի հանգամանքներ, որ վթարը եղել է այլ կերպ: Գիտեմ՝ մոտավորապես ինչպես է եղել վթարը, որովհետև մենք հանդիպել ենք մի քանի անձանց հետ, տեղեկացրել են, որ իրականում նման վթարային իրավիճակ այդ հատվածում շատ են լինում»:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ գործն օբյեկտիվ քննելու համար պետք է փոխել քննիչին. «Այդ քննիչը ոչ մի ձև չի ուզում օբյետիվ քննի»:

168.am-ի հարցին՝ ինչո՞ւմ է քննիչի շահագրգռվածությունը, որ չի ցանականում գործն «օբյեկտիվ քննել», Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Նախաքննական մարմինն ուղղակի սկզբից չի պատկերացրել՝ վթարը ինչպես կարող էր լինել: Ես՝ ինքս, սխալվել եմ վթարի մեխանիզմի մեջ՝ ինչպես կարող էր վթարը տեղի ունենալ: Երբ իրենք համոզված են եղել, որ Վարդան Պետրոսյանը մեղավոր է միանշանակ, և ինչ-ինչ պատճառներով իրենք ասել են՝ եթե մենք ձերբակալենք, կգա փորձագետի դրական եզրակացություն, հանրությունը կհասկանա՝ մեղավոր մարդ, երկու զոհ, մենք կալանավորել ենք: Այ, երբ իրենք ձերբակալել են, հետո հաջորդ օրը ստացել են ավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը, իրենք հասկացել են իրենց սխալը: Հիմա ուզում են ուղղել: Իրենք գնում են ամեն մի ոչ օրինական ճանապարհով, որպեսզի արդարացնեն այն ձերբակալումը, որ կատարել են: Չէ՞ որ դուք ինքներդ կարող եք բացել օրենսգիրքը, տեսնել, որ իր ձերբակալումն անօրինական է: Օրենսգրքի մեջ հստակ գրված են հիմքերը՝ որ դեպքում կարող են մարդուն ձերբակալել:

Իրավաբան պետք չէ լինել: Կտեսնեք, որ հիմքերը չկային Վարդան Պետրոսյանի դեպքում, որոշման մեջ արդեն գրված է, որ Վարդան Պետրոսյանի գտնվելու վայրը հայտնի է: Եթե գտնվելու վայրը հայտնի է, չեն կարող ձերբակալել: Անօրինական մեկ քայլ, հետո եզրակացություն ոչ բարենպաստ քննիչների համար, և իրենք հիմա ուզում են արդարացնել: Հիմա չգիտեն՝ ինչ անել, որովհետև ընկել են մի տուպիկի մեջ, որտեղ պետք է սկզբից որոշվեր վթարի մեխանիզմը, պարզեր՝ որտեղ է գտնվել յուրաքանչյուր անձ, վթարի պահին «Նիվա» մակնիշի մենքենան, արդյոք «Նիվա» մակնիշի մեքենան տեխնիկապես սարքի՞ն է եղել, թե՞ ոչ»:

Փաստաբանի խոսքով՝ պետք է նշանակվի փորձաքննություն, պարզվի վթարի մեխանիզմը: Վարդան Պետրոսյանի փաստաբանի խոսքով՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տրամադրած լուսանկարներում ակնհայտ երևում է, որ վթարը տեղի  է ունեցել ճանապարհի բանուկ մասում. «Որտեղ թափված է յուղը, որտեղ թափված են ապակիները, այնտեղ տեղի է ունեցել վթար՝ բանուկ մասի վրա՝ առաջին գոտում: Այնտեղ վեճ չկա: Երբ երկու մեքենաներ բախվում են, յուղը թափվում է ուղղահայաց: Չի կարող վթարը լինել կողնակում, բայց յուղը թափված լինի բանուկ մասում: Այդպես չի լինում: Չի կարող պատահել՝ ապակիները թափված լինեն բանուկ մասում, բայց  վթարը տեղի ունենա կողնակում, այդպես չի լինում»:

Նիկոլայ Բաղդասրայանը ևս մեկ անգամ ասաց, որ առաջարկում են փորձաքննույուն նշանակել արտասահամանում, ինչը հնարավորություն կտա մոդելավորել վթարը. արդյունքում պարզ կդառնա՝ արդյոք Վարդան Պետրոսյանը մեղավոր է, արդյոք նա կարող էր կանխել վթարը, ձեռնարկել է արդյոք միջոցներ, թե ոչ: Փաստաբանն ասաց, որ պատրաստ է նույնիսկ իր գրպանից վճարել արտերկրու վթարի մեխանիզմը վերականգնելու համար: Նիկոլայ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ ըստ փորձաքննության՝ Վարդան Պետրոսյանի ավտոմեքենայի նվազագույն արագությունը 71 կիլոմետր ժամ է: «Դա այն դեպքում, եթե մյուս մեքենան կանգնած է եղել: Իսկ եթե կանգնած չի եղել, ուրեմն 71-ից պետք է հանեն մյուս ավտոմեքենայի արագությունը:»,- ասաց փաստաբանը:

 

Տեսանյութեր

Լրահոս