Կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ Էդմոն Մարուքյանի առաջարկին
ՀՀ ԱԺ անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել՝ առաջարկելով լրացումներ կատարել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։
Պատգամավորը առաջարկել է օրենքը լրացնել այնպիսի դրույթներով, որով պաշտպանվում են նաև ընկերության փոքր բաժնետերերի շահերը։ Մասնաավորապես, առաջարկվում է հերթական և արտահերթ ժողովներ հրավիրելու իրավունք վերապահել նաև առնվազն 20 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակիցներին։
Ինչպես նշվում է օրինագծի հիմնավորման մեջ, այսօրվա օրենսդրությամբ ՍՊԸ-ի գործադիր մարմնի կամքից է կախված մասնակցի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացումը: Գործող խմբագրությամբ պրակտիկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ 90 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակիցները ցանկություն ունեն ժողով հրավիրելու, բայց գործադիր մարմինը պարզապես ժողով չի հրավիրում: Մասնակիցներին մնում է դիմել դատարան՝ տնօրենին ժողով հրավիրելուն պարտավորեցնելու հայցով, բայց այդ դեպքում ժամանակի կորստի հետեւանքով ընկերությունը կարող է կրել անդառնալի կորուստներ:
Օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարությանը, և ինչպես նշվում է կառավարության եզրակացության մեջ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի:
Այս եզրակացությունը հաստատման կներկայացվի կառավարության՝ հինգշաբթի օրվա նիստում։