Վարդան Պետրոսյանի պաշտպանը 500.000 դրամ գրավ է առաջարկում՝ նրա խափանման միջոցը փոխելու համար

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը վերաքննիչ քրեական դատարանին դատավարական խախտման հիմքով բողոքարկել է Վ. Պետրոսյանին 2 ամսով կալանավորելու դատարանի որոշումը: Իր վերաքննիչ բողոքում փաստաբանը նշել է, որ դատարանին չի ներկայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք:

«Վարդան Պետրոսյանը մեծ հեղինակություն վայելող անձնավորություն է: Վարույթն իրականացնող մարմնի միակ փաստարկը, որ Վարդան Պետրոսյանի մոտ գտնվում է իր ֆրանսիական անձնագիրը, հետևաբար նա կարող է թաքնվել վարույթ իրականացնող մարմնից, վերացել է. Վարդան Պետրոսյանը ունի մշտական բնակության վայր և իր համար երաշխավորել են տասնյակ հեղինակություն ունեցող անձիք, Վարդան Պետրոսյանը գտնվում էր ստացիոնար բուժման մեջ և մինչ այդ տարել էր ծանր վիրահատություն, Վարդան Պետրոսյանին պատճառվել էր կյանքի համար վտանագավոր ծանր մարմնական վնասվածք, Վարդան Պետրոսյանի խնամքի տակ է գտնվում իր անչափահաս երեխան, իսկ զավակը ծառայում էր ՀՀ զինված ուժերում»,- նշել է փաստաբանն իր բողոքում:

«Դատարանի կողմից իր որոշումը հիմնավորելու համար ներկայացված փաստարկը՝ այն է՝ «մարդկային բարոյականության տեսակետից ելնելով»  Վ.Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելը ոչ միայն չի բխում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի` վերը նշված հոդվածի պահանջներից, այլև առհասարակ չի կարող հիմք հանդիսանալ` մարդու նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու համար, քանի որ դատարանի «մարդկային բարոյականության տեսակետը» իրավական կատեգորիա չէ, այն համընդհանուր արժեք է, որը յուրաքնաչյուր մարդու մոտ յուրովի է դրսևորվում» – նշել է Վարդան Պետրոսյանի փաստաբանը:

Ըստ նրա՝ դատարանը, Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը կալանք ընտրելով՝ խախտել է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մասի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները: Պաշտպանը նշել է, որ Վարդան Պետրոսյանի իրավունքները խախտվել են, երբ մերժվել է գրավի կիրառման մասին իր միջնորդությունը:

Կարդացեք նաև

Ելնելով այս ամենից՝ Նիկոլայ Բաղդասարյանը խնդրել է. «Ամբողջությամբ բավարարել վերաքննիչ բողոքը և ամբողջությամբ բեկանել նոյմեբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Վարդան Պետրոսյանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննույթան առնելու մասին որոշումը և ազատել Վարդան Պետրոսյանին կալանքից կամ բեկանել մասնակի և Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառելով կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը՝ որպես գրավի գումար սահմանելով 500.000 դրամ»:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս