Ազատամարտիկ. «Համաժողովրդական ճնշումների միջոցով մենք կառավարությանը ճանապարհելու ենք»
«Հայտնի Բժեզինսկին իր տեսություններում նշել է, որ աշխարհն այլևս չի կարող այսպես գոյատևել. քաղաքացին ուզում է մասնակից դառնալ աշխարհի կառավարմանը, նա այլևս չի հանդուրժում, որ ինքը գործընթացներից դուրս է: Այս հիմքից ելնելով`մենք պիտի նախ վերականգնենք սահմանադրական այն թեզը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- ամերիկացի հանրահայտ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկիին հղում կատարելով՝ այսօր հրավիրված ասուլիսում ասաց ազատամարտիկ, Հայաստանի դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը:
«Ազատամարտիկներն առաջարկում են իրենց մշակած կառավարման համակարգը՝ իշխանափոխությունից հետո» թեմայով նախապես հայտարարված ասուլիսի մուս բանախոսը՝ Հայաստանի դաշտային հրամանատարների խորհրդի անդամ, ազատամարտիկ, պատգամավորության նախկին թեկնածու, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը չէր եկել: Ինչպես հայտարարվեց ասուլիսում՝ վերջինս մի խումբ ազատամարտիկների հետ շրջում է Հայաստանի գյուղերով, ներկայացնում իրենց ծրագիրը:
Սուրեն Սարգսյանը խոսելով ներկայիս իշխանությունների գործունեության մասին`ասաց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այլևս թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում չեն ընդունում: Ըստ ազատամարտիկի`քանի դեռ մեր երկրում գործում է մենաշնորհային համակարգը՝ իշխանությունը ժողովրդի ձայնը չի լսելու: Նա նշեց, որ պարտավոր ենք ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ քաղաքացին մասնակից կդառնա երկրի կառավարմանը, հակառակ դեպքում՝ որևէ մեկը որևէ մեկին չի վստահի: Ազատամարտիկի խոսքով` կուսակցություններն իշխանափոխության երեք տարբերակ են առաջարկել. առաջին` իշխանափոխության բոլոր ձևերը ճիշտ են, եկեք փոխենք իշխանություններին, երկրորդ` պետք է մոբիլիզացնել ժողովրդին և ճնշմամբ անել իշխանափոխություն, և երրորդ՝ ավելի զուսպ տարբերակը, որն առաջարկում են խորհրդարանական կուսակցությունները, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստանը», փորձենք առկա խնդիրները հասցնել Ազգային ժողով` գուցե մեկ անգամ ևս շանս տալով իշխանություններին:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ՝ սեպտեմբերի 25-ին, ազատամարտիկները, այդ թվում՝ Սուրեն Սարգսյանը հանդիպել էին «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Այն ժամանակ ԲՀԿ-ն հաղորդագրություն տարածեց այդ կապակցությամբ՝ նշելով. «Ազատամարտիկներին մտահոգում էին Հայաստանի առջև ծառացած թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները: Նրանց գնահատմամբ՝ մեր երկիրն այսօր կանգնած է բազմաթիվ խնդիրների առջև, որոնք համակարգված և խորքային լուծումներ են պահանջում: Ազատամարտիկները մատնանշեցին հատկապես Հայաստանի սահմանամերձ շրջաններում տիրող անմխիթար իրավիճակն ու կոնկրետ լուծումներ առաջարկեցին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելություն համար՝ խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանի քաղաքական կյանքում ծանրակշիռ դերակատարում ունեցող կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպելու իրենց ցանկությունը լուրջ նպատակ է հետապնդում»:
Այսօր հրավիրված ասուլիսում խոսելով իշխանափոխության իրենց ծրագրերի մասին՝ ազատամարտիկ Ս. Սարգսյանն ասաց. «Մենք առաջարկել ենք իշխանափոխություն անել, հետո նոր գնալ ընտրության: Մեխանիզմը շատ պարզ է. ժողովրդի մոբիլիզացման արդյունքում՝ ներկայիս իշխանությունը պիտի հրաժարական տա»: Լրագրողի այն հարցին, թե արդյոք իրենք ժամանակ չէի՞ն տվել իշխանություններին, ազատամարտիկը պատասխանեց, որ այդ ժամանակն արդեն վերջացել է, և իրենց ճանապարհներն իշխանության հետ այլևս չեն խաչվի: Նա նաև նշեց, որ կրկին կազմակերպվելու են հանրահավաքներ, ինտենսիվ հանդիպումներ՝ մինչև իրենք կորոշեն այն օրը, երբ ժողովրդին կհրավիրեն հրապարակ: «Եվ դա կլինի Հայաստանի նոր օրը»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք այդպիսով չի՞ սկսվի քաղաքացիական պատերազմ, Ս. Սարգսյանը պատասխանեց. «Թեև կառավարությանը դա էլ է քիչ, բայց մենք հենց նրա համար ենք, որ քաղաքացիական պատերազմ թույլ չտանք: Պետք է խուսափել ժողովրդին առճակատման տանելուց, բայց, եթե հանկարծ իշխանությունը բիրտ ուժ կիրառի, հակադարձ հակահարված հաստատ կստանա»:
Լրագրողների դիտարկմանը, որ ժողովուրդը հիասթափված է ընդդիմադիր քաղաքական ուժերից՝ թե´ Հայ Ազգային Կոնգրեսից (ՀԱԿ) և թե´ «Ժառանգություն» կուսակցությունից, և, ուրեմն, որքանո՞վ են ազատամարտիկները վստահ, որ քաղաքացին կվստահի իրենց, Ս. Սարգսյանը պատասխանեց. «Մենք էն տղերքն ենք, ովքեր արդարացրեցին ժողովրդի սպասելիքները 1988-ին, մենք կուսակցական չենք, իրենց զինվորի կողքին բոլորն էլ կհավաքվեն, կգա օրը`մեր աշխատանքի արդյունքը կտեսնեք հրապարակում»:
Ս. Սարգսյանն, անդրադառնալով Շանթ Հարությունյանի ձերբակալությանը, հայտարարեց, որ Շ. Հարությունյանն իրենցից մեկն է և անազատության մեջ չի մնալու: Իսկ իշխանափոխության իրենց կազմած ծրագրի մասին, ինչի նպատակով էլ հրավիրված էր ասուլիսը, հյուրը չխոսեց, միայն ասաց, որ այն կներկայացվի ավելի ուշ`գրավոր և ավելի հստակ տարբերակով: «Պաշտոնապես ասում եմ, որ Սերժ Սարգսյանը ժամանակ չունի ճամարտակելու: Համաժողովրդական ճնշումների միջոցով մենք կառավարությանը ճանապարհելու ենք»,- հայտարարեց ազատամարտիկը:
ՆԵԼԼԻ ՀՈՎՅԱՆ