
Մանրամասներ` Գագիկ Ծառուկյանի և ազատամարտիկների հետ հանդիպման մասին (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ընդառաջելով Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամների ցանկությանը, հանդիպեց նրանց հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվեցին ազատամարտիկներին մտահոգող մի շարք խնդիրներ:
Ազատամարտիկներին մտահոգում էին Հայաստանի առջև ծառացած թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները: Նրանց գնահատմամբ՝ մեր երկիրն այսօր կանգնած է բազմաթիվ խնդիրների առջև, որոնք համակարգված և խորքային լուծումներ են պահանջում: Ազատամարտիկները մատնանշեցին հատկապես Հայաստանի սահմանամերձ շրջաններում տիրող անմխիթար իրավիճակն ու կոնկրետ լուծումներ առաջադրեցին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելություն համար՝ խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանի քաղաքական կյանքում ծանրակշիռ դերակատարում ունեցող կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպելու իրենց ցանկությունը լուրջ նպատակ է հետապնդում:
«Ձեզ հետ հանդիպելու իմ պատրաստակամությունը զուտ մարդկային բնույթ է կրում: Դուք ձեր կյանքի և արյան գնով եք պայքարել մեր երկրի ազատության և անվտանգության համար, հետևաբար պետք է լինեք ոչ թե խնդրողի, այլ պահանջողի դերում, քանի որ վաստակել եք այդ իրավունքը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես պատրաստ է կլոր սեղանի շուրջ բաց քննարկումներ անցկացնել շահագրգիռ կողմերի հետ, համատեղ ուժերով քննարկել առաջադրված խնդիրներն ու արդարացի լուծումներ գտնել դրանց»,- իր խոսքում ընդգծեց Գագիկ Ծառուկյանը՝ միաժամանակ կոչ անելով ազատամարտիկներին լինել միասնական ու համախմբված այնպես, ինչպես ռազմի դաշտում էր:
ԲՀԿ խմբակցության պատգամավորներն իրենց հերթին ևս պատրաստակամություն հայտնեցին քննարկել առաջադրված բոլոր խնդիրները, հարկ եղած դեպքում բարձրաձայնել դրանք նաև խորհրդարանի ամբիոնից: