Պարույր Հայրիկյանը կոչ է անում դուրս գալ փողոց՝ «Ո՛չ Մաքսային միությանը» կոչերով
«Եթե դու պետականորեն քայլ ես կատարում, և քո երկիրը կոչվում է ժողովրդավարական, դու պիտի անպայման գոնե հենվես հասարակական կարծիքի ուսումնասիրման վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պարույր Հայրիկյանը՝ ավելացելով, որ եվրոպական կողմնորոշում ունեցող մեր իշխանությունները հանկարծակի, մի օրվա մեջ որոշեցին գնալ Մաքսային միություն:
«Հետաքրքիր է, որ մինչ այդ բոլորն ամիսներ շարունակ ձգտում էին դեպի Եվրոպական միություն: Կուսակցություններն անգամ մրցում էին, թե ո՞ր կուսակցությունը պետք է դառնա Եվրոպական ժողովրդավարական կուսակցության (ԵԺԿ) անդամ: Ոչ մեկը չէր ձգտում դառնալ Լուկաշենկոյի կամ Նազարբաևի կուսակցության գործընկեր: Եվ ահա հանկարծակի հայտարարվեց, որ ՀՀ նախագահը կողմ է Մաքսային միությանը»,- ասաց բանախոսը:
Ըստ Հայրիկյանի՝ բոլորս ռազմավարական նշանակության խնդրի լուծման առաջ ենք կանգնած: Սխալներ թույլ չտալու համար պետք է պատրաստ լինել, կամ՝ եթե ինչ-որ մեկը սխալ է թույլ տալիս, ապա այդ սխալը պետք է թույլ տա նա, ով հիմնականում կրելու է այս որոշման արդյունքները կամ հետևանքները:
Պարույր Հայրիկյանն ասաց, որ այդ կապակցությամբ սոցիալական հարցում են կազմակերպել, և ներկայացրեց հարցման արդյունքները. «Ըստ հարցման արդյունքների՝ հարցմանը մասնակից 1284 մարդկանցից «Ոչ մեկին» (ոչ Եվրոպական միությանը, ոչ Մաքսային միությանը) պատասխանի օգտին քվեարկել է 22.12%-ը, Մաքսային միությանը կողմ էին հարցվածների 22.98%-ը, Եվրոպական միությանը՝ 28.04%-ը: Հարցվածների 26.87%-ը դեռևս կողմնորոշված չէ: Եվ եթե հանում ենք չկողմնորոշվածներին, ապա Մաքսային միությանը ձայն են տալիս 30 %-ը, Եվրոպական միությանը՝ 38%-ը, և ոչ մեկին՝ հարցման մասնակիցների 30%-ը: Մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ «Ոչ մեկինը» դեմ է Մաքսային միությանը: Այսինքն՝ այսօր ՀՀ բնակչության 70 %-ը դեմ է Մաքսային միությանը»,- ներկայացրեց Պարույր Հայրիկյանը՝ նկատելով, որ օրեր առաջ պաշտոնապես հայտարարվել է, թե Մաքսային միությանն անդամակցելուն կողմ է ՀՀ բնակչության 80 %-ը:
«Սրանից ավելի մեծ ստորություն դժվար է պատկերացնել ժողովրդավարության նկատմամբ: Մեր իշխանությունները գնում են ժողովրդի տեսակետին հակասող ճանապարհով»,- հայտարարեց Պ. Հայրիկյանը: Նա վստահեցրեց, որ լուծումը մեկն է՝ պետք է դուրս գալ փողոց՝ «Ո՛չ Մաքսային միությանը» կոչերով: «Եվ եթե այդ 70% դեմ եղածների գոնե մեկ տոկոսը դուրս գա հրապարակ, ապա դա նշանակում է, որ մի քանի տասնյակ հազար մարդ կլինի փողոցում»,- նշեց Հայրիկյանը:
ԱՐՓԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ