
Տիգրան Կարապետյան. Նախագահի հենարանը հարստանում է, իսկ ժողովուրդը սոված է մնում

«Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) նախագահ Տիգրան Կարապետյանը երկարատև ընդմիջումից հետո կրկին սկսել է խոսել ներքաղաքական խնդիրների մասին. այսօր նա հանդես եկավ ասուլիսով՝ «Ներքաղաքական զարգացումներ» թեմայով: Ասուլիսը սկսվեց Տիգրան Կարապետյանի՝ երկրի սոցիալական վիճակի հետ կապված մտահոգությամբ. «Ամեն ինչ շատ վատ է ընթանում, վիճակը սարսափելի է, ազգը կործանվում է: Այս ամենի պատճառն այն է, որ այս պետությունը չի կարողանում պահել ժողովրդին…»,- հայտարարեց նա:
Ներքաղաքական խնդիրների մասին խոսելիս՝ նա ասաց, որ քաղաքական առումով որևէ լուրջ գործոն չի տեսնում: Նա իր ափսոսանքը հայտնեց Շանթ Հարությունյանի հետ տեղի ունեցածի կապակցությամբ. «Շանթի պոռթկումը մաքուր էր, բայց սարքեցին ու վատ ձևով սարքեցին այդ ամենը, դա անդուր ստացվեց: Մարդիկ տուժեցին հայրենասիրության համար և պատժվեցին արդարություն պահանջելու համար»,- նշեց բանախոսը:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը ի՞նչ կտա երկրին, Տ. Կարապետյանը պատասխանեց. «Դա ոչինչ էլ չի տա Հայաստանին, այլ կխառնի մեր կապերը Եվրամիության հետ: Եթե հիմա հույս կա, որ Եվրամիությունը կարող էր մեզ գումար տալ, ապա այս դեպքում չի տա…»:
ԱԺ պատգամավորների աշխատավարձերի բարձրացման օրինագծին անդրադառնալով՝ նա ասաց. «Պատգամավորների 85-90%-ը նախագահ մարդիկ են՝ նրա հենարանը. այսինքն՝ նախագահի հենարանը հարստանում է, իսկ ժողովուրդը սոված է մնում»:
ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ