Բաժիններ՝

30 տարում առաջին անգամ Արգենտինա է ժամանել բրիտանացի պատգամավորների խումբը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արգենտինայի արտգործնախարար Հեկտոր Թիմերմանը երեկ հանդիպել է երկրի ժամանած բրիտանացի պատգամավորներին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիներին առնչվող հարցեր:

Նշվում է, որ դա բրիտանացի պատգամավորների խմբի առաջին այցն է Արգենտինա 1982 թվականին երկու երկրների միջև տեղի ունեցած Ֆոլկլենդյան պատերազմից հետո: Մինչ այս Բուենոս Այրես են ժամանել միայն բրիտանացի առանձին պատգամավորներ՝ սեմինարների կամ ֆորումների մասնակցելու համար:

Հանդիպման արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Արգենտինայի ԱԳՆ-ը բրիտանացի պատգամավորների այցը որակել է որպես «շատ կարևոր»՝ ընդգծելով ՄԱԿ-ի բանաձևերի կատարման անհրաժեշտությունը, որոնցում երկու երկրներին կոչ է արվում բանակցություններ սկսել վիճելի կղզիների շուրջ:

Արգենտինայի ու Մեծ Բրիտանիայի միջև Ֆոլկլենդյան պատերազմը մեկնարկել է 1982 թվականի ապրիլի 2-ին, ինչը շարունակվել է 74 օր և ավարտվել է բրիտանական կողմի հաղթանակով: Նախորդ տարի՝ Ֆոլկլենդյան պատերազմի 30-ամյակի շեմին, վերստին սրվել էին Արգենտինայի ու Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները:

Ֆոլկլենդյան արշիպելագը բաղկացած է 2 խոշոր և 200 փոքր կղզիներից, այն գտնվում է Ատլանտիկայի հարավ-արևմուտքում՝ Արգենտինայի ծովափից 500 կիլոմետր հեռավորության և Մեծ Բրիտանիայից 12.000 կիլոմետր հեռավորության վրա: Ֆոլկլենդյան կղզիները փաստացիորեն հանդիսանում են Անտարկտիկայի դարպասները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս