
Կահիրեում տեղի կունենա ՌԴ-ի ու Եգիպտոսի արտգործնախարարների ու պաշտպանության նախարարների հանդիպումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ Կահիրեում տեղի է ունենալու Ռուսաստանի ու Եգիպտոսի արտգործնախարարների ու պաշտպանության նախարարների (2+2) համատեղ հանդիպումը:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրում այսօր տեղի կունենա Ռուսաստանի ու Եգիպտոսի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հանդիպումը, իսկ վաղը տեղի կունենա երկու երկրների արտգործնախարարների՝ Սերգեյ Լավրովի ու Նաբիլ Ֆահմիի հանդիպումը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ բանակցային այդպիսի ձևաչափը հաստատում է Եգիպտոսի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանն իրենց տված առաջնային նշանակությունը:
Կահիրեում Լավրովն ու Շոյգուն պլանավորել են քննարկել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի առանցքային ասպեկտներ՝ շեշտը դնելով Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում տիրող ներկայիս իրավիճակի վրա: Քննարկվելու է նաև ռուս-եգիպտական համագործակցության ամրապնդման հարցը քաղաքական, ռազմա-տեխնիկական, տնտեսական և այլ ոլորտներում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Ռուսաստանը Եգիպտոսին առաջարկել է պատմական գործարք կնքել 4 միլիարդ դոլարի սպառազինության գնման շուրջ: