Բաժիններ՝

Տարվա լավագույն խաղն անվճար հասանելի կլինի Android-ով, iOS-ով և Windows Phone-ով աշխատող սարքերի համար

Այս տարի համակարգչային և բջջային խաղերի նախագծման 3-րդ առաջնությունում լավագույն խաղ ճանաչված՝ Հենրիկ Հակոբյանի «FastFood»-ը շուտով հասանելի կլինի Android, iOS և Windows Phone բջջային օպերացիոն համակարգերի համար: Խաղը լինելու է անվճար. այն առաջինը կհայտնվի Google Play-ում, այնուհետև՝ App Store-ում և այլ շուկաներում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց խաղի հեղինակ Հենրիկ Հակոբյանը: Նա մինչ խաղը ստեղծելն ուսումնասիրել է խաղերի շուկան ու նկատել, որ մարդկանց հատկապես գրավում են ոչ թե ստանդարտ, այլ երևակայության վրա հիմնված խաղերը, և հենց դա էր պատճառը, որ երիտասարդ մասնագետը որոշեց խաղ ստեղծել՝ հիմնվելով երևակայության վրա:

«Խաղի մեջ մեքենաների մրցավազք է, սակայն մրցում են ոչ թե սովորական մեքենաները, այլ մրգերը, որոնք հանդես են գալիս՝ որպես մեքենա, իսկ նրանց ընթացքին փորձում են խանգարել խավարասերները, որոնք ցանկանում են ուտել քեզ, այսինքն` այդ մրգերը»,- պատմեց Հ. Հակոբյանը` նշելով, որ խաղի մեջ ներգրավված են տարբեր մրգեր` բանան, ավոկադո, ձմերուկ, կոկոս և այլն, որոնք ստեղծված են ավտոմեքենաների տեսքով:

Խաղը ստեղծելիս հեղինակը ուշադրություն է դարձրել ամեն մի մանրուքի վրա, ինչը չի վրիպել այս տարի «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 3-րդ առաջնության ժյուրիի աչքից, որտեղ Հ. Հակոբյանի նախագիծը հաղթել է «Լավագույն խաղ» և «Լավագույն դիզայն» անվանակարգերում:

Նշենք, որ խաղը հասանելի կլինի Google Play-ում մոտ մեկ շաբաթից, իսկ դրանից որոշ ժամանակ անց՝ նաև այլ շուկաներում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս