Բաժիններ՝

Քանի՞ «լայք» կզոհաբերեք՝ հանուն արդարության

Երբ հայերս աշխարհից պահանջում ենք ճանաչել Ցեղասպանությունը, բազմաթիվ հիմնավորումների հետ ներկայացնում ենք նաև այս մեկը` որպեսզի այլևս մարդկության հանդեպ նման ոճիր չկրկնվի: Եթե շատ անկեղծ լինենք` մեզ համար միևնույն է` աշխարհում ի՞նչ է կատարվում, անգամ, եթե աշխարհի այդ հատվածում ունենք հայկական մեծ գաղութ: Սակայն այդ մասին` Ցեղասպանության 100-ամյա տարելիցից առաջ:

Հիմա` Հայաստանի ողջ առաջադեմ հասարակությունն իրական և, հիմնականում, վիրտուալ տարածքում լայքեր, ստորագրություններ ու երաշխավորագրեր է հավաքում` ի պաշտպանություն սիրելի դերասան Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու: Մտավորականներն անգամ խիստ տոնայնությամբ դիմել են Գլխավոր դատախազին: Թեև արժանին պետք է մատուցել մեր մտավորականության հետևողականությանը. նրանց դիմում-երաշխավորագրերը մինչ օրս, հավանաբար` փոստի վատ աշխատանքի պատճառով, հասցեատիրոջը չեն հասել: Խնդրեմ, տակավին վերջերս մտավորականները ստորագրեցին երաշխավորագիր` ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու առաջարկով: Արդեն երկու տարի էր` Տիգրան Առաքելյանն ազատազրկված էր` իբրև թե ոստիկանին հարվածելու մեղադրանքով: Նրան դատարանը մեղավոր էր ճանաչել և դատապարտել 6 տարվա ազատազրկման: Այսինքն` դատարանում հաշվել էին, որ նա առաջիկա տարիներին հասարակության համար վտանգ է ներկայացնելու, և հասարակությանը պետք է մեկուսացնել Տիգրանից: Կամ հակառակը:

Մեր երկրի առանձնահատկությունն այն է, որ մեզ մոտ իրավունքն ի ծնե չէ, ինչպես պնդում են եկեղեցու հայրերը: Եվ ոչ էլ այն սահմանված է Սահմանադրությամբ, ինչպես հինգ տարին մեկ երդվում են նախագահները: Իշխանությունն է որոշում` ո՞ւմ` որքա՞ն իրավունք տալ: Այն, ինչին Տիգրան Առաքելյանը կարող էր հասնել օրենքով` ազատ արձակվել դատարանի դահլիճից, ձևակերպվեց` որպես համաներում: Այն, ինչ Վարդան Պետրոսյանի համար նախատեսված է օրենքով` նախաքննության փուլում որպես խափանման միջոց ընտրել չբացակայելու ստրագրություն, հնարավոր է, մեծահոգաբար շնորհվի նրան: Հասկանալի է` բոլորիս երախտապարտ ստատուսների ներքո: Մեզ մոտ ինչպե՞ս է` իշխանությունը նստեցնում է, իշխանությունն ազատում է: Օրենքը, երաշխավորագրերն ու լայքերը նույնարժեք, այսինքն` անարժեք ատրիբուտներ են:

Այստեղ էական մեկ հարց կա. եթե դերասանի հանդեպ խափանման միջոցը փոխվի, հասարակությունն իրե՞ն է վերագրելու այդ պայմանական հաղթանակը: Կամ իշխանության այդ քայլը, առհասարակ, համարվելո՞ւ է հաղթանակ:

Կարդացեք նաև

Այն, որ Վարդան Պետրոսյանը որևէ կերպ չէր խոչընդոտելու նախաքննությանը, մեզնից լավ գիտեն նրանք, ովքեր արտիստին կալանավորելու սանկցիա են տվել: Երկրի, այսպես ասենք, բարձրագույն ղեկավարությունը կռահում էր, որ իր հասցեին ամենօրյա ռեժիմով հնչող զրույցներն ավելի անախորժ են դառնալու: Սակայն մեր արդարադատությունը գնաց նրան կալանավորելուն` հստակ ուղերձով բոլորիս` ոտքի տակ մի ընկեք:

Եվս մեկ անգամ ընդունենք, որ դերասանի խափանման միջոց կալանքը հնարավոր է` կփոխվի չբացակայելու ստորագրությամբ, սակայն դրանից կարող է փոխվել միայն մեկ մարդու ճակատագիրը` կարճ ժամանակով: Իսկ ինչպե՞ս վարվենք բազում այլ դեպքերում, երբ ոտնահարվում են ոչ հայտնի, բոլորին անծանոթ և որևէ տաղանդով աչքի չընկնող մեր շատ հայրենակիցների իրավունքները:
Ընտրովի արդարադատության ցանկությունը մարդկայնորեն հասկանալի է` վերացնել անարդարության գոնե մեկ դեպք: Սակայն արդարադատությունն իմաստազրկվում է, եթե այն լոկալ է, ընտրովի և կարճաժամկետ: Բոլորի համար լայքեր, ստորագրություններ կամ երաշխավորագրեր հավաքելու էներգիա և ռեսուրս, հասկանալի է, չկա:

Այդ դեպքում գուցե անհրաժեշտ է ա՞յլ լուծում: Ինչպե՞ս են այսօր համախմբվել ու իրենց իրավունքները պաշտպանում ՏՏ ոլորտի մասնագետները` ընդդեմ «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի: Այս դեպքում պետությունը գեղեցիկ ձևակերպումներով ցանկանում է նրանց աշխատավարձից տոկոսներ պահել` շատ տարիներ անց` որպես թոշակ վերադարձնելու խոստումով:

Գուցե 10-20 հազար մարդու համատեղ ներկայությունն իշխանությունների նստավայրերի մոտ (դրանք մայրաքաղաքի էլիտար հասցեներում են), հետևողականորեն, օրեր շարունակ` հստակ ձևակերպված պահանջներով, կստիպի՞ իշխանություններին նկատել իր քաղաքացիներին, հասկանալ, որ մեր ներկայությունը Հայաստանում միայն վիրտուալ չէ: Որ մեր հետաքրքրությունների ոլորտում միայն Վարդան Պետրոսյանը չէ, այլև բոլոր այն մարդիկ, ում անուն-ազգանունները չգիտենք:
Ի վերջո, իշխանությունն ինքն իրեն համոզել է, թե ինքն Աստծուց է: Արժե ևս մեկ անգամ հիշեցնել, որ մենք` հարկատուներով, ամեն ամիս գումար ենք հավաքում` ով ինչքան կարող է, և այդ գումարով ապրում են նրանք` Սերժ Սարգսյանն ու իր թիմը:

Նրանց կոստյումներն ու մեքենաները հարկատուների միջոցներով են գնված:
Այնպես է ստացվել, որ մեր երկրում մեզնից և ոչ մեկի կյանքը գրոշի արժեք չունի, սակայն այդ գինը սահմանել են իշխանությունները: Արդարադատություն պահանջել մեզանից յուրաքանչյուրի համար մենք, կարծես, պատրաստ չենք: Դա երկարատև, անկեղծ ասենք` ձանձրալի աշխատանք է, որի ամենամեծ անհարմարությունն այն է, որ այդ աշխատանքը ֆեյսբուքյան տարածությունից դուրս է: Իսկ դրսում արդեն ցուրտ է:

Եվ հետո` ժամանակ էլ, կարծես, չունենք. բոլորս խառն ենք: Այնպես որ, այս դեպքում Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելը (եթե այն լինի) կարելի է ձևակերպել` որպես իշխանությունների դեմ տարած հաղթանակ: Մինչև մեր լայքերի ու սրտառուչ տեքստերի կարիքը կզգա հայտնի և սիրելի մարդկանցից մեկ ուրիշը: Առավել ևս, սիրելի արտիստները (հավանաբար, մեզ խնայելով) այնքան քիչ են…

Հ.Գ. Եթե Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը չփոխվի, գործողությունների հետագա ընթացքը տեսանելի է. լուտանքներ, նզովք ու անեծք կտեղա ֆեյսբուքով իշխանությունների հասցեին: Գուցե Միքայել Պողոսյանն իրականացնի իր սպառնալիքն ու հեռանա երկրից: Իսկ տանը հիշեցնում են` կարագն ու շաքարավազը վերջացել են, պետք է գնել…

«168 Ժամ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս