Բաժիններ՝

«Office 365» ամպային ծառայությունը պաշտոնապես հասանելի է նաև Հայաստանում

Այսօրվանից` նոյեմբերի 12-ից, « Microsoft» ընկերության «Office 365»  ամպային ծառայությունը պաշտոնապես հասանելի կդառնա նաև հայաստանյան օգտատերերի համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Microsoft»-ի հայաստանյան գրասենյակի  ղեկավար Գրիգոր Բարսեղյանը`նշելով, որ «Microsoft Office 365»-ն ամպային տեխնոլոգիաների փաթեթ է՝ նախատեսված ցանկացած մեծության կազմակերպության համար:

««Office 365»-ով դուք ստանում եք մեր լավագույն ծրագրային փաթեթները և ծառայությունները միասնական կապի և համատեղ աշխատանքի կազմակերպման համար` «Exchange Online», «SharePoint Online», «Lync Online», ինչպես նաև «Microsoft Office ProfessionalPlus» ծրագրային փաթեթի ամենաթարմ տարբերակը, և այլն»,- ասաց Գ. Բարսեղյանը` նշելով, որ «Office 365»-ը պարզ է օգտագործման և կառավարման տեսակետից, և, որ շատ կարևոր է՝ մատչելի է:

«Մեկ օգտագործողի համար ամսական 1000 դրամից մինչև ամսական 10 հազար դրամ արժողության տարբեր փաթեթներ կան, գինը կախված է նրանից, թե դուք որքա՞ն ծավալի ծառայություն եք ցանկանում: Ծառայության համար վճարում եք՝ կախված օգտատերերի քանակից»,- ասաց Գ. Բարսեղյանը:

Բանախոսի խոսքով` նշյալ ամպային ծառայության հիմնական առավելությունն այն է, որ այն, ի տարբերություն ավանդական ծառայությունների` էլ. փոստի, փաստաթղթերի, հնարավորություն է տալիս կոնտակտների և օրացույցների հետ աշխատանքը կատարել աշխարհի ցանկացած վայրում, գրեթե ցանկացած սարքից: «Կարծում եմ՝ այս ծառայությունը հատկապես կարևոր է փոքր և միջին բիզնես ընկերությունների համար, քանի որ այն կրճատում է ընկերության համար սերվերի անհրաժեշտությունը, համապատասխան մասնագետների վճարումը և այլն, բացի այդ, հուսալիության 99.9% երաշխիք է տալիս»,- ասաց «Microsoft»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը` ավելացնելով, որ այժմ արդեն բացարձակապես կապ չունի, թե որտե՞ղ են պահվում ձեր տվյալները, իսկ կարևորն այն է, որ դրանք ապահով վայրում կլինեն, անվտանգ կլինեն ու հասանելի՝ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում:

Կարդացեք նաև

Նշենք, որ նախկինում «Microsoft» ընկերության «Office 365» ամպային ծառայությունը հայաստանյան օգտատերերի համար հասանելի չէր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս