Ամփոփվել են «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրի արդյունքները
Այսօր տեղի է ունեցել «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրի փակման արարողությունը:
Հոկտեմբերը հայտարարվել էր անձնական ֆինանսներին նվիրված ամիս: Ծրագրի նպատակն էր բնակչության ուշադրությունն ուղղել անձնական ֆինանսների «ճիշտ» կառավարմանը:
Միամսյակի ընթացքում՝ Երևանում և մարզերում, իրականացվել են մի շարք տեղեկատվական և ուսուցողական միջոցառումներ՝ «Երազանքների պատի» կառուցում, «Ֆինանսական շրջագայություն ավտոբուսով», հայտարարվել են բազմատեսակ մրցույթներ, իրականացվել են հանդիպումներ ու սեմինարներ դպրոցներում ու համալսարաններում, տեղի են ունեցել ինտերակտիվ դասընթացներ, բացօթյա ցուցահանդես, ֆինանսական կազմակերպություններում բաց դռների օրեր և այլ միջոցառումներ:
Միամսյակը եզրափակվել է հոկտեմբերի 31-ին՝ Խնայողությունների միջազգային օրը:
Միամսյակին մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, ԱՄՆ-ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը, Հայաստանի բանկերի, Վարկային կազմակերպությունների միությունները, Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիան, Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների ասոցիացիան, Ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, KfW – Kreditanstalt fur Wiederaufbau, SBFIC–Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամը, առևտրային բանկերը, ապահովագրական ընկերություններն ու վարկային կազմակերպությունները:
Փակման արարողության ժամանակ բոլոր մասնակիցները ներկայացրեցին միամսյակի ընթացքում իրենց կողմից իրականացված միջոցառումները: Ամփոփվեցին նաև «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակներում հայտարարված լուսանկարների՝ «Խնայողություններ» թեմայով, պատկերապատման՝ «Ապահովագրությունը մարդու կյանքում», երեխաների նկարների՝ «Ես և փողը», «Փողը իմ ընտանիքում» թեմաներով մրցույթների արդյունքները:
Կենտրոնական բանկի կողմից առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին տրամադրվեցին դրամական պարգևներ և նվերներ, իսկ որոշ մասնակիցների, ֆինանսական կառույցների կողմից, տրվեցին հատուկ մրցանակներ:
Ամփոփվեցին նաև «Երազանքների պատ» միջոցառման արդյունքները: Դրամական մրցանակներ տրվեցին երեք անվանակարգերով՝ «Երեխաների լավագույն երազանք», «Խնայողության լավագույն նպատակ» և «Ապահովագրության լավագույն նպատակ»:
«Իմ ֆինանսների միամյակ» ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և նախատեսվում է իրականացնել նաև հաջորդ տարի:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն