Գերմանիայում թուրքական լոբբինգն ու Վահան Հովհաննիսյանին դեսպան նշանակելու հարցը
Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանին՝ Գերմանիայում ՀՀ դեսպանի պաշտոնում նշնակավելու գործընթացը դանդաղել է: Որոշ լուրերի համաձայն՝ Վահան Հովհաննիսյանն արդեն մի քանի օր է՝ Գերմանիայում է, որտեղ տարբեր հանդիպումներ է ունենում, բայց արդյո՞ք մեկնել է հենց այդ գործընթացի կարգավորման համար, հայտնի չէ: Նախնական տեղեկությունների համաձայն, Գերմանիայում թուրքական լոբբինգը շարունակում է ազդեցություն ունենալ Վահան Հովհաննիսյանին դեսպան նշանակելու հարցում, ինչն էլ գործընթացի դանդաղեցման պատճառ է դարձել:
168.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց՝ արդյոք տեղեկություններ ունի՞, ինչո՞ւ է նշանակման հարցը հետաձգվում: Ի պատասխան Աղվան Վարդանյանն ասաց. «Դա ի պաշտոնե Արտգործնախարարության խնդիրն է. կա դիվանագիտական արարողակարգ, և կան ժամկետներ, այդ ժամկետներում ամեն ինչ պարզ կլինի: Վահան Հովհաննիսյանը նույն կերպ այդ հարցին պատասխանել է, որ ինքն այլևս այստեղ անելիք չունի, մնացյալը դիվանագիտական արարողակարգի խնդիրն է»:
Մեր հարցին, թե Գերմանիայում թուրքական լոբբինգը այնքան ուժեղ է, որ կարող է խոչընդոտել Վահան Հովհաննիսյանի նշանակմա՞նը, ՀՅԴ-ական պատգամավորը պատասխանեց. «Ի վերջո, խոսքը Գերմանիայի նման պետության մասին է: Իհարկե, այնտեղ կա հսկայական թուրք բնակչություն, կա լոբբինգ, բայց Գերմանիան էլ Գերմանիա է»:
Հարցին, թե չե՞ք կարծում, որ ամեն դեպքում Հայաստանում կային չարախոսներ, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Դե որևէ բան չկա, որ չարախնդացողներ չլինեն, բայց դրան չպետք է ուշադրություն դարձնել»: