Բաժիններ՝

Բողոքի ակցիա. Եթե կառավարությունը լուծումներ չառաջարկի՝ կլինեն գործադուլներ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, Մաշտոցի պուրակում տեղի ունեցավ հանրային քննարկում: Քննարկման օրակարգում պարտադիր կենսաթոշակային կուտակային նոր համակարգի հարցն էր: Մասնակիցները պատրաստել էին թռուցիկներ և պաստառներ, որոնցում համառոտ շարադրված էր խնդրի էությունը: Բոլորին կոչ էր արվում մասնակցել և հնարավորինս շատ տպագրել ու տարածել դրանք՝ ինչպես Երևանում, այնպես էլ՝ մարզերում:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանում կգործարկվի կենսաթոշակային նոր բազմաստիճան համակարգ (2014 թվականից արդեն կսկսի գործել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը), ըստ որի` 1974 թվականից հետո ծնված ՀՀ քաղաքացիները թոշակային տարիքի անցնելուց ոչ թե թոշակ են ստանալու բաշխողական կամ սերունդների համերաշխության սկզբունքով, այլ, թե որքան են նրանք կուտակել աշխատանքային տարիներին: Պետությունը երաշխավորում է կուտակային վճարների վերադարձը` հաշվի առնելով տարեկան գնաճը: Ըստ նոր համակարգի՝ եթե աշխատավարձը չի գերազանցում 500.000 դրամը, ապա աշխատողը յուրաքանչյուր ամիս կուտակում է աշխատավարձի 5 տոկոսի չափով, նույնքան գումար էլ ապագա թոշակառուի հաշվին ուղարկում է պետությունը: Եթե աշխատավարձը գերազանցում է 500.000 դրամը, ապա աշխատողն ու պետությունը միասին թոշակային հաշվին փոխանցում են 10-ական տոկոս:

Կենսաթոշակային այս նոր համակարգի կիրառումից հատկապես անհանգստացած են Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի երիտասարդ ներկայացուցիչները՝ ծրագրավորողները, և այլք:

ՏՏ ոլորտում ընդգրկված են  հատկապես երիտասարդները, և նրանք հայտարարում են, որ իշխանությունների նման քայլի դեպքում իրենց մեծ մասը ստիպված կլինի լքել Հայաստանը և գործունեություն ծավալել այլ երկրներում:

ՏՏ ոլորտի մի քանի տասնյակ ընկերություններ նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ներկայացնելով իրենց մտահոգությունը և առաջարկները: Նամակի պատճեններն նաև ուղարկվել են Ազգային ժողով, նախարարություններ, դեսպանատներ, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև այլ կազմակերպություններ:

dem2

dem3

Այսօր Մաշտոցի պուրակում տեղի ունեցած հանրային քննարկման ընթացքում մշակվեցին պայքարի հետագա քայլերը։ Ընթացքում նաև շարունակվում էր ստորագրահավաքն՝ ընդդեմ կառավարության այդ որոշման: Առաջարկվեց ստեղծել մի մարմին, որը կարող է իրականացնել և կոորդինացնել բոլոր գործողությունները։ Պլանավորվում է, որպեսզի բացի ՏՏ ոլորտից՝ այլ ոլորտի աշխատակիցները ևս միանան շարժմանը։

ՏՏ ոլորտի ներկայացուցիչ Տիգրան Մարտիրոսյանը, ամփոփելով քննարկումը, նշեց, որ այս հանրային քննարկման ընթացքում ամենկարևորն այն էր, որ նախաձեռնողները և խնդրով մտահոգ մարդիկ հնարավորություն ունեցան ծանոթանալ միմյանց հետ, և հասկացան, որ իրականում շատ-շատերն են մտահոգված այս խնդրով, և միայն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում  չէ, որ քննարկում են հարցը, այլ մարդիկ դուրս են եկել և ռեալ պայքարում են։

dem1

Խոսելով հետագա գործողությունների մասին՝ Տիգրան Մարտիրոսյանն ասաց, որ կլինի իրազեկում, այնուհետև՝ երթեր, ակցիաներ։ Եթե ընթացքում չլինի ոչ մի արձագանք, իշխանությունները  լուծման տարբերակներ չառաջարկեն, ապա իրենք կդիմեն գործադուլների։

Շարժման մասնակիցները մտադիր են խմբեր ձևավորել, ունենալ պատասխանատուներ, համակարգողներ, նաև համագործակցել մյուս նախաձեռնությունների հետ։ Հաջորդ հանդիպում-քննարկումը կլինի առաջիկա շաբաթ օրը, ժամը 13:00-ին։

Տեղեկացնենք, որ երիտասարդները «Ֆեյսբուքում» համապատասխան խումբ են ստեղծել՝ ընդդեմ պարտադիր կենսաթոշակային կուտակային այս համակարգի ներդրման, որտեղ ակտիվ քննարկումներ են լինում, ինչպես նաև կայք են ստեղծել՝ dem.am, որը պարբերաբար նոր տեղեկատվությամբ է համալրվում:

ՄԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս