
Դավաճանության շաբաթ ԱԺ-ում

Հայաստանի ընդդիմությունն առաջիկայում կրկին կանգնելու է լուրջ փորձության առաջ: Հաջորդ շաբաթ Ազգային ժողովում քննարկվելու և քվեարկվելու է Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, այդ պաշտոնում առաջադրել է ՎՊ գործող նախագահ Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Վերջինս այս օրերին հանդիպումներ է ունեցել խորհրդարանական խմբակցությունների հետ, և դատելով վերջիններիս հրապարակային և հատկապես ոչ հրապարակային արձագանքներից, այդ հանդիպումներն անցել են «փոխադարձ վստահության մթնոլորտում»: Համենայնդեպս, այլընտրանք համարվող «Բարգավաճ Հայաստանն» ու Դաշնակցությունը հայտարարել են, որ «կողմ» են քվեարկելու Իշխան Զաքարյանի թեկնածությանը:
Ընդամենը 2 անդամից բաղկացած «Ժառանգություն» խմբակցությունն էլ տեղեկացրել է, որ «դեմ» է քվեարկելու ՎՊ գործող նախագահին: Նույնը` ընդհանուր ձևակերպումներով, հայտարարել է նաև ՀԱԿ-ը:
Սակայն այս հայտարարություններն իրականում ոչինչ չարժեն, քանի որ, ինչպես ցույց տվեց ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի քվեարկությունը, խորհրդարանական ընդդիմությունը ժամանակ առ ժամանակ այնքան էլ ընդդիմություն չէ:
Ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը հասկացել է «երջանկության գաղտնիքը», որը, ընդհանուր առմամբ, կայանում է լծակներ ունեցող պաշտոնյաների հետ լավ հարաբերություններ ունենալու մեջ: Այնպես որ, բացառված չէ, որ Իշխան Զաքարյանի քվեարկությունից հետո ընդդիմադիրները կրկին սկսեն իրար մեջ դավաճաններ փնտրել ու այդպես էլ չգտնել: