
Իրանի պետական հեռուստատեսությամբ ցուցադրվել է Իսրայելին հրթիռային հարված հասցնելու մասին ֆիլմ (տեսանյութ)

Իսրայելական Yedioth Ahronoth թերթի փոխանցմամբ՝ Իրանի պետական հեռուստատեսությունն իր եթերում ցուցադրել է «վավերագրական ֆիլմ», որում նկարագրվում է Իսրայելի հետ հնարավոր պատերազմի սցենարը: Մեկ ժամ հեռուստադիտողներին ցուցադրել են իրանական ազգային բանակի ու Իսլամական հեղափոխության պահակազորի կորպուսի հնարավորությունները:
Բացի այդ, ցուցադրվել է, թե Թեհրանն ինչպես է պատասխանում իր միջուկային օբյեկտների դեմ հարվածներին: Համակարգչային գրաֆիկի օգնությամբ պատրաստված 5 րոպեանոց տեսանյութում երևում է, թե ինչպես են իրանական բալիստիկ հրթիռները մեկնարկում տարբեր դիրքերից, թռչում Իսրայելի ուղղությամբ և բաժանվում ըստ թիրախների:
Նրանց մի մասը ոչնչացվում է իսրայելական ՀՀՊ համակարգի կողմից, սակայն մնացյալ հրթիռները խոցում են նշված թիրախները, որոնց թվում են Իսրայելի պաշտպանության նախարարությունը, Դիմոնի միջուկային կենտրոնը, Թել Ավիվի օդանավակայանը, ինչպես նաև Իսրայելի բանկը: Տեսանյութն ավարտվում է 2006 թվականին Լիբանանի դեմ պատերազմում սպանված իսրայելցիների ցուցադրմամբ: