
Մեղադրող Արմեն Մարուխյանը հանդես եկավ ճառով

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը, որի ընթացքում ճառով հանդես եկավ գործով մեղադրող Արմեն Մարուխյանը: Նա իր ճառում անդրադարձավ միայն դատաքննությունը վերսկսելուց հետո գործով ձեռք բերված ապացույցներին, մասնավորապես՝ ամբաստանյալների մի մասի տված ցուցմունքներին:
Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը դատաքննության ընթացքում լրացուցիչ ցուցմունք տվեց այն մասին, որ դեպքի օրը մեկ անգամ ապտակել է Գարիկ Սողոմոնյանին, ապա հարվածներ է հասցրել Վահե Ավետյանին:
Գարիկ Մարգարյանը ցուցումք էր տվել այն մասին, որ ինքը դեպքի օրը հարվածել է Արտակ Բայադյանին, իսկ ամբաստանյալ Արթուր Բաբլոյանն ասել էր, որ ինքը հարվածել է Գարիկ Սողոմոնյանին: Մեղադրող Արմեն Մարուխյանն ասաց, որ առկա են էական հակասություններ ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանի և Արթուր Բաբլոյանի ցուցմունքներում: Ապա Ա. Մարուխյանն ասաց, որ ամբաստանյալների ցուցմունքներն անարժանահավատ են. նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տուժողների ցուցմունքներում հակասություններ չկան:
Իսկ ամբաստանյաների տված լրացուցիչ ցուցմունքներ տալը, ըստ Արմեն Մարուխյանի, մտացածին, պատասխանատվությունից խուսափելու համար մշակված պաշտպանական տակտիկա էր:
Միևնույն ժամանակ, մեղադրողն ասաց, որ ամբաստանյալների դիրքորոշման փոփոխությունը պայմանավորված է մեղադրողի ճառով և պահանջված ազատազրկման ժամկետով: Արմեն Մարուխյանը պնդեց մեղադրող Արթուր Դավթյանի՝ ավելի վաղ հնչեցված ճառը ինչպես մեղադրանքի հիմնավորման, այնպես էլ՝ պահանջված պատժաչափի մասով: Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը պահանջել էր 13-ական տարի ազատազրկում բոլոր ամբաստանյալների համար, ինչպես նաև 100.000 դրամ տուգանք:
Հաջորդ դատական նիստը՝ նոյեմբերի 18-ին: