
Ադրբեջանում տանկը հարվածել է ավտոբուսի կանգառի

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան (Բաքվից 265 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք) Բեյլագանի շրջանի Միլաբադ գյուղի մոտ տանկն ավերել է ավտոբուսի կանգառը և մխրճվել է դրա հարևանությամբ կանգնած երկու ավտոմեքենայի մեջ:
Տանկի հարվածից երկու ավտոմեքենան էլ հայտնվել են հարևանությամբ անցնող ջրանցքում: Տանկը նույնպես հայտնվել է ջրանցքում: Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ միջադեպի ժամանակ ոչ ոք չի տուժել:
Տանկը պատկանում է տվյալ շրջանում կենտրոնացած զորամասերից մեկին: Նախնական տվյալներով՝ տանկի մեխանիկ-վարորդը չի կարողացել կանգնեցնել մարտական մեքենան: Տանկը եղել է T-72 տիպի:
Բեյլագանի դատախազությունը հաստատել է տվյալ փաստը՝ ընդգծելով, որ քննիչներն ու փորձագետներն աշխատում են դեպքի վայրում՝ միջադեպի մանրամասները պարզելու համար: