
Իրանը փակել է Ադրբեջանի հետ սահմանային բոլոր անցակետերը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական կողմը նոյեմբերի 8-ից փակել է Ադրբեջանի հետ սահմանին գտնվող սահմանային բոլոր կետերը:
Նոյեմբերի 6-ին միջադեպ էր գրանցվել Իրանի ու Նախիջևանի սահմանին. իրանական կողմից կրակ էր բացվել Արաքս գետի ադրբեջանական կողմում աշխատող տրակտորի ուղղությամբ:
Ադրբեջանական կողմն իրանական կողմին հարցրել է գնդակոծության պատճառը, սակայն ցայժմ պատասխան չի ստացել: Նշվում է, որ սահմանային անցակետերում մեծ կուտակումներ են: Ադրբեջանական կողմը չունի պատասխան, թե երբ կբացվի սահմանը:
Բաքվում Իրանի դեսպանատունը հաստատել է սահմանի փակման փաստը՝ որպես դրա պատճառ նշելով Ադրբեջանի կողմից Նախիջևանի անցակետերից մեկի փակումը: Ադրբեջանական կողմը պնդում է, որ այն բաց է:
Ընդհանուր առմամբ, իրանա-ադրբեջանական սահմանին գործում է սահմանային 5 անցակետ, որոնցից 2-ը՝ Նախիջևանում, իսկ 3-ը՝ Ադրբեջանի հարավում: