Վարդան Պետրոսյանի նկատմամբ այժմ մեղադրանք չկա առաջադրված

Ինչպես հայտնի է, նախաքննական մարմինը որոշում էր կայացրել դերասան Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին: Դերասանի առողջական վիճակը, սակայն, վատացել էր. նրան տեղափոխել էին սթրես-կենտրոն: Նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասել է, որ դերասանը գտնվում է հիվանդանոցում, սակայն ձերբակալվածի կարգավիճակում է: Նրան այժմ չկա մեղադրանք առաջադրված: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն  Մալխասյանը:

Վարդան Պետրոսյանի փաստաբանն ավելի վաղ բողոք էր ներկայացրել դատախազին՝ դերասանին ձերբակալելու մասին որոշումը փոխելու համար: Հիշեցնենք, որ Երևան-Եղվարդ ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին իրար էին բախվել «ՎԱԶ-21214» և «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաները: «ՎԱԶ-21214»-ի վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը` Էդգար Հակոբյանը, մահացել էր: Հոկտեմբերի 21-ին հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է մեկ այլ ուղևոր` Էդվարդ Հակոբյանը: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս