Հայաստանն աշխարհի ամենառազմականացված երկրների թվում չորրորդն է. BICC

Ուկրաինական Коммерсантъ Украина թերթի փոխանցմամբ՝ Բոննի միջազգային փոխարկման կենտրոնը (BICC) հրապարակել է «Գլոբալ ռազմականացման ինդեքս – 2013» (Global Militarization Index 2013) ամենամյա զեկույցը, որը հրապարակվում է 1990 թվականից:

Զեկույցում տեղ են գտել 2012 թվականի տվյալները, որոնց համաձայն Ուկրաինան աշխարհի ամենառազմականացված երկրների թվում զբաղեցրել է 20-րդ տեղը՝ 608.2 միավորով (2008 թվականին Ուկրաինան 25-րդն էր): Ուկրաինան գտնվում է Մարոկկոյի (610 միավոր) ու Վիետնամի (607 միավոր) հարևանությամբ (19-րդ և 21-րդ տեղեր):

Զեկույցում ընդգրկվել է 149 երկիր: Զեկույցը կազմելիս հաշվի են առնվում մի շարք ցուցանիշներ: Օրինակ, համեմատվում են երկրի պաշտպանական բյուջեի ծավալը նրա ՀՆԱ-ի հետ, ինչպես նաև գնահատվում են քաղաքացիների համար զինվելու մատչելիությունը:

Երկրների մասին տեղեկություններ են վերցվում Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտից (SIPRI), Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ), Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ): Տվյալները դասակարգվում են 0-1000 սանդղակով, ուր 1000-ը առավելագույն ռազմականացված լինելու ցուցանիշն է:

Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ աշխարհի երկրները միջին հաշվով սպառազինվելու վրա ծախսում են ՀՆԱ-ի 2.5 տոկոսը, սակայն որքան բարձր է երկրի ռազմականացվածությունը, այնքան շատ են նրա ռազմական ծախսերը: Օրինակ, Մերձավոր Արևելքի երկրներում սպառազինման վրա ծախսվում է ՀՆԱ-ի մոտ 7 տոկոսը:

2007 թվականից սկսած՝ մշտապես աշխարհի ամենառազմականացված երկիր է ճանաչվում Իսրայելը՝ 794.13 միավոր: Զեկույցի առաջին հնգյակում ընդգրկվել են նաև Սինգապուրը (751.97 միավոր), Ռուսաստանը (728.87 միավոր), Հայաստանը (724.12 միավոր) և Սիրիան (714.19 միավոր):

ԱՄՆ-ը՝ 574.05 միավորով, զբաղեցրել է 27-րդ տեղը, իսկ Չինաստանը՝ 83-րդ տեղը (431.48 միավոր): Ներկա դրությամբ Չինաստանն ունի ամենամեծաքանակ բանակը տարածաշրջանում՝ 2.2 միլիոն մարդ և 26.093 միավոր ծանր սպառազինություն:

Զեկույցում ընդգծվում է, որ Եվրոպայի երկրներն ունեն միջին ու ցածր մակարդակի ռազմականացում: Օրինակ, Ֆրանսիան զբաղեցրել է 55-րդ տեղը, Լեհաստանը՝ 75-րդ տեղը, Գերմանիան՝ 93-րդ տեղը, իսկ Շվեդիան՝ 94-րդ տեղը: Բելառուսը 621 միավորով 16-րդն է:

Հայաստանի հարևան երկրներից Ադրբեջանն 8-րդն է՝ 673.32 միավոր, Վրաստանը՝ 54-րդը՝ 501.35 միավոր, Իրանը՝ 28-րդը՝ 564.5 միավոր, իսկ Թուրքիան՝ 23-րդ տեղը՝ 592.81 միավոր:

Ամենախաղաղասեր երկիր է ճանաչվել Իսլանդիան՝ 10 միավոր:

qartez

 

Տեսանյութեր

Լրահոս