Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները նման են «Սառը պատերազմի». Ալասանիա

Ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ Վրաստանում՝ հակամարտության գոտում, Ռուսաստանի գործողությունները հիշեցնում են «Սառը պատերազմը», սակայն վրացական իշխանությունները հուսով են, որ պրագմատիկ քաղաքականությունը կտա արդյունք:

Այս տարվա գարնանից սկսած՝ ռուս սահմանապահներն ակտիվորեն լարափակոցներ են անցկացնում Ցխինվալի շրջանի (Հարավային Օսիա) վարչական սահմանի երկայնքով: Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ մի շարք հատվածներում նկատվել են վրացական կողմի վերահսկած տարածք ներթափանցելու դեպքեր: Լարափակոցներ են անցկացվել նաև աբխազական հատվածում:

Այս կապակացությամբ Ալասանիան հայտարարել է. «Դժբախտաբար, Ռուսաստանը հաշվի չի առնում հակամարտության գոտիներում տեղի վրաց բնակչության օրինական իրավունքները: Վարչական սահմանին լարափակոցների անցկացումն իսկապես նման է «Սառը պատերազմի» ժամանակներին:

Մենք ցանկանում ենք, որ դա ավարտվի: Հենց այդ պատճառով էլ պրագմատիկ քաղաքականություն ենք վարում Ռուսաստանը, որը կարծում եմ, որ կլինի արդյունավետ: Ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմամբ Վրաստանը կստանա ավելի մեծ հնարավորություն՝ աբխազական ու օսական կողմերի հետ շփումներ հաստատելու համար»:

Վրաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո:

Տեսանյութեր

Լրահոս