Արչիլ Կբիլաշվիլիի հրաժարականի պատճառը վերջին մեկ տարում դատախազության պարտությունն է. Ցիկլաուրի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանական փոքրամասնություն հանդիսացող «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Նուգզար Ցիկլաուրին հայտարարել է, որ Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնից Արչիլ Կբիլաշվիլիին պաշտոնանկ անելը հանդիսանում է քաղաքական որոշում:
Ցիկլաուրին Կբիլաշվիլիի պաշտոնանկությունը շաղկապել է քաղաքական դրդապատճառներով դատավարությունների հետ, որոնք առնչվում են պաշտպանության ու ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայային, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին և գործող իշխանությունների քաղաքական մյուս հակառակորդներին:
Ցիկլաուրին կարծում է, որ մեկ տարում Կբիլաշվիլին ամբողջովին վարկաբեկեց իրեն, և անհնար դարձավ նրան տվյալ պաշտոնում պահելը. «Նա չկարաողացավ կատարել քաղաքական հանձնառությունը: Իշխանությունների ներկայացուցիչների վերոնշյալ գործերի շուրջ հայտարարություններ էին անում, թե ոմանք հրեշ ու մարդակեր են՝ պատկերացնելով, թե դա քաղաքական շահ կբերի իրենց:
Սակայն այդօրինակ քաղաքական գործընթացները քաղաքական դիվիդենդներ բերելու փոխարեն բերեցին քաղաքական ծանր հետևանքներ: Բաչո Ախալայայի դեմ ներկայացված հինգ գործերից չորսով նա արդարացվեց, և միակ գործը, որում հաջողվեց համոզել դատարանին, եղել է բանտային խռովության գործը (Ախալայան տվյալ գործով դատապարտվեց 3 տարի և 9 ամիս ազատազրկման, սակայն նախագահի պաշտոնից հեռացող Միխեիլ Սաակաշվիլին ներում շնորհեց նրա – 168.am):
Կարծում եմ, որ այդ գործով դատախազությունը գողերի ու քրեական հեղինակությունների հետ հանդես եկավ Վրացական պետության դեմ, ինչն աղետալի հետևանք է: Ես չեմ բացառում, որ Կբիլաշվիլիի պաշտոնանկությունը կարող է ունենալ նաև այլ պատճառներ, սակայն ըստ իս՝ գլխավոր պատճառն այդ գործերի տապալումն է:
Մեկ տարվա ընթացքում դատախազությունը պարտություն կրեց, և դա անդրադարձավ այդ իշխանության քաղաքական կազմի վրա: Ապագա դատախազը կփորձի առաջ տանել այն գործերը, որոնք անմիջականորեն շաղկապված են Վրաստանի ազգային անվտանգության հետ»:
Հիշեցնենք, որ Արչիլ Կբիլաշվիլին Վրաստանի գլխավոր դատախազ է դարձել 2012 թվականի հոկտեմբերին: Նա խոստացել է տվյալ պաշտոնում մնալ մինչև Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունը, որը պետք է տեղի ունենա նոյեմբերի 17-ին, Թբիլիսիում: