
Իրաքի ռազմաբազաներից մեկում ահաբեկչության հետևանքով զոհվել է 19 զինծառայող

Ամերիկյան The Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի Էտ-Տարմիա քաղաքի ռազմաբազայի տարածքում պայթեցվել է պայթուցիկով լեցուն երկու ավտոմեքենա: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 19 զինծառայող, վիրավորվել է ավելի քան 40 մարդ:
Բազայի պահապանները կրակ են բացել սրընթաց դարպասներին մոտեցող ավտոմեքենայի վրա, սակայն մահապարտ-ահաբեկչին հաջողվել է գործի դնել պայթուցիկ սարքը: Առաջացել է խառնաշփոթ իրավիճակ, ինչից օգտվել է երկրորդ մահապարտ-ահաբեկիչը, որի մեքենան գրեթե անարգել մուտք է գործել բազայի տարածք:
Ընդհանուր առմամբ, երեկ Իրաքում գրանցված ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 30 մարդ: Այս տարվա հոկտեմբերն Իրաքում դարձել է ամենաարյունալի ամիսը՝ սկսած 2008 թվականի ապրիլից: Իրաքի կառավարության տվյալներով՝ հոկտեմբերին գրանցված ահաբեկչությունների ու զինված հարձակումների հետևանքով զոհվել է 855 խաղաղ քաղաքացի, 65 ոստիկան և 44 զինվորական: