Մոսկվայի երկնքում բախումից վերջին պահին են խուսափել Երևանից ու Արխանգելսկից ժամանող օդանավերը
Lifenews-ի փոխանցմամբ՝ երեկ Մոսկվայում քիչ է մնացել գրանցվի տասնյակ ուղևորներով լի «Բոինգ 737» երկու օդանավի մասնակցությամբ խոշոր աղետ:
Նշվում է, որ «Տրանսէրո» ընկերության օդանավը, որը Մոսկվա է ժամանել Երևանից, վայրէջք կատարելիս շեղվել է իր ճանապարհից և 600 մետր բարձրության վրա հայտնվել է «Յուտեյր» ավիաընկերության ինքնաթիռի ճանապարհին, որը գտնվել է նույն բարձրության վրա՝ Արխանգելսկից Մոսկվա ժամանելիս:
Դիսպետչերներին հաջողվել է նրանց հեռացնել միմյանց ճանապարհից, երբ օդանավերի միջև հեռավորությունը կրճատվել է մինչև 2.5 կիլոմետրի: Վերջին պահին ինքնաթիռներից մեկի անձնակազմին հրահանգել են անհապաղ բարձրություն հավաքել, իսկ մյուս ինքնաթիռի անձնակազմին՝ անհապաղ թեքվել դեպի ձախ:
Երևանից ժամանող «Բոինգը» շրջվելիս հայտնվել է արգելված գոտում: Իսկ մյուս ինքնաթիռը, շարունակելով թռիչքը 600 մետր բարձրության վրա, անցել է բնակելի շենքերից վտանգավոր հեռավորության վրա: Ավելի ուշ օդաչուներին հաջողվել է իրենց օդանավերը դուրս բերել պլանավորված երթուղի և հաջողությամբ վայրէջք կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում:
Միջադեպի մասին նյութերը մոտ ժամանակում կուղարկվեն Ռուսաստանի տրանսպորտային ոլորտի հսկիչ դաշնային ծառայությանը: