ՆԱՏՕ-ն չունի Ռուսաստանի վրա հարձակվելու որևէ մտադրություն. Ռասմուսեն
Լատվիական Delfi պորտալին տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ կարիք չկա, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին համարի որպես սպառնալիք.
«Նախևառաջ ես հիշեցնում եմ, որ 15 տարի առաջ ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը ստորագրել են փոխհարաբերությունների, համագործակցության ու անվտանգության հիմնական ակտը:
Այդ փաստաթղթում նշված է, որ մենք երբեք ուժ չենք կիրառի միմյանց նկատմամբ: Մենք հավատարիմ ենք դրան, և ես հուսով եմ, որ Ռուսաստանը նույնպես հավատարիմ կլինի այդ պարտավորությանը: Մենք չունենք Ռուսաստանի վրա հարձակվելու որևէ մտադրություն, և ես ակնկալում եմ, որ Ռուսաստանն էլ չունի որևէ ձգտում՝ մեզ վրա հարձակվելու համար:
Պաշտպանության ոլորտում ներդրումների մեծացման վերաբերյալ Ռուսաստանի պլանն ուշադրության արժանի փաստ է, սակայն վտանգ չի ներկայացնում դաշինքի համար: Ես ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Ռուսաստանը սպառնալիք չի հանդիսանում ՆԱՏՕ-ի համար»: