
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետն այցելել են շփման գիծ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Նամեդդին Սադիգովն այցելել են շփման գիծ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
Այցը կրել է ճանաչողական բնույթ: Այցի ընթացքում գեներալները շփվել են անձնակազմի հետ, ծանոթացել են զորամասերում տիրող իրավիճակին, հանդիպել են մարտական ծառայություն կատարող զինվորների ու սպաների հետ: Աչքի ընկած զինծառայողները պարգևատրվել են շքանշաններով ու արժեքավոր նվերներով:
Հասանովն ու Սադիգովը ստուգել են զորքերի մարտունակության մակարդակը, բարոյա-հոգեբանական վիճակը և սոցիալական պայմանները, որոնցում անցնում է զինվորների ծառայությունը: Ստուգվել է նյութատեխնիկական բազաների սպաների ու ենթասպաների նախապատրաստության մակարդակը: Հրամկազմը գեներալներին ներկայացրել է զեկույցներ ու առաջարկներ:
Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո սա Զաքիր Հասանովի առաջին այցն է շփման գիծ: