ԱՄՆ-ում գրանցվել է մարդկանց վրա զինված հարձակման երկու դեպք. կան զոհեր
Ամերիկյան The Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում երեկ գրանցվել է մարդկանց վրա կրակելու երկու նոր դեպք, որոնցից մեկը տեղի է ունեցել Դեթրոյթում, իսկ մյուսը՝ Վաշինգտոնում: Դեթրոյթում (Միչիգան նահանգ) տղամարդը կրակ է բացել վարսավիրանոցի ուղղությամբ:
Եվ երբ մարդիկ սկսել են վարսավիրանոցից դուրս գալ փողոց, հանցագործը սկսել է կրակել նրանց վրա: Դրա հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել է 7 մարդ: Այս մասին հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Քելի Միները: Ոստիկանությանը դեռ չի հաջողվել պարզել հանցագործի ինքնությունը, տարվում է հետաքննություն:
Միների խոսքերով՝ կրակոցները հնչել են երեկ՝ տեղական ժամանակով ժամը 18.00-ին, Դեթրոյթի առևտրային փողոցներից մեկի վարսավիրանոցի մոտ: Բոլոր զոհվածներն ու վիրավորները տղամարդիկ են:
Ոստիկանությունը կարծում է, որ տուժածները կարող էին բացել պատասխան կրակ: Միները հավելել է, որ կրակոցներից անմիջապես անց երկու անհայտ անձինք երկու ավտոմեքենայով չքացել են դեպքի վայրից:
Նմանատիպ ևս մեկ դեպք է գրանցվել Վաշինգտոնի հյուսիս-արևելյան հատվածում, ուր անհայտ անձը երեկ (ցերեկը) ատրճանակով կրակել է ավտոբուսի կանգառում հավաքված մարդկանց վրա: Դրա հետևանքով վիրավորվել է 3 տղամարդ և 60-ամյա մի կին:
Բոլոր տուժածներն ուղարկվել են հիվանդանոցներ: Երկու տղամարդ գտնվում է ծանր վիճակում: Հարձակում գործածը ձերբակալված է, նրա գործողությունների դրդապատճառները մնում են անհայտ: