Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան Իրանից շուտ կարող է ստանալ միջուկային զենք. BBC

BBC-ի փոխանցմամբ՝ քանի դեռ աշխարհը մտահոգված է Իրանի ատոմային ծրագրից, նրան կարող է գերազանցել Սաուդյան Արաբիան՝ դառնալով միջուկային երկիր: Սաուդյան Արաբիայի իշխանությունները զգալի միջոցներ են ներդրել Պակիստանի միջուկային ծրագրում և յուրաքանչյուր պահի կարող են Իսլամաբադից ստանալ միջուկային զենք, որն արդեն իսկ պատրաստ է ուղարկմանը:

Այս մասին BBC-ի հաղորդավար Մարկ Ուրբանին հայտնել է ՆԱՏՕ-ում նրա բարձրաստիճան աղբյուրը: Ուրբանը հիշեցրել է Իսրայելի ռազմական հետախուզության (Աման) նախկին ղեկավար Յամոս Յադլինի հայտարարությունը, որը նա հոկտեմբերին արել էր Շվեդիայում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ:

Այն ժամանակ Յադլինը հայտարարել էր, որ եթե Իրանը ստեղծի ատոմային ռումբ, ապա սաուդցիները չեն սկսի սպասել անգամ մեկ ամիս: Յադլինի խոսքերով՝ սաուդցիներն արդեն իսկ վճարել են ռումբի համար, և որ նրանք պարզապես կմեկնեն Պակիստան և այնտեղ կվերցնեն այն, ինչը որ պետք է վերցնեն:

Ուրբանը հաղորդման ժամանակ նաև հիշեցրել է 2009 թվականին սաուդյան թագավոր Աբդալլահի զգուշացումը ԱՄՆ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Դենիս Ռոսին, որ եթե Թեհրանը հատի «կարմիր գիծը», ապա Էր-Ռիյադը կստանա միջուկային զենք: Իսկ 2012 թվականի մայիսին նույն Ռոսը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է աշխատանքներ սկսել ատոմային ռումբի ուղղությամբ:

BBC-ի տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի միջև միջուկային համագործակցությունը սկսվել է դեռևս 1990-ական թվականներին: Էր-Ռիյադը կտրականապես հերքում է այդ ամենը: Սաուդյան Արաբիան պաշտոնապես միացել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին:

Դեռևս 1980-ական թվականների վերջին Չինաստանի հետ կնքած գաղտնի պայմանագրով Սաուդյան Արաբիան ստացել է CSS-2 բալիստիկ հրթիռներ, որոնց հեռահարությունը կազմում է 4500 կիլոմետր: Դա սաուդցիներին հնարավորություն է տալիս սպառնալ ոչ միայն Իրանին ու Իսրայելին, այլև՝ շատ այլ երկրների, ընդ որում՝ ոչ միայն մերձավորարևելյան տարածաշրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս